‘Րաֆֆու եւ Լեւոնի հարցի մասին’

2627

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանն իր բլոգում գրում է. 
 
Վերջին օրերին քննարկվում է հրապարակային պայքարին Լեւոն Տեր-Պետրոսյանի միանալու հարցը: Իմ ֆեյսբուքյան էջում էլ նման հարց ինձ տվել է Տիգրան Խալաթյանը, որին խոստացել եմ պատասխանել ավելի մանրամասն:
Տեր-Պետրոսյանն, ինչպես գիտենք, արդեն հայտնել է իր կարծիքը ծավալվող գործընթացների եւ իր հնարավոր միանալ-չմիանալու վերաբերյալ: Ես այդ տեսակետը մեկնաբանելու մեծ իմաստ չեմ տեսնում, մանավանդ, որ դա արդեն մեկնաբանվել է շատերի կողմից տարբեր տեսակետներից՝ դրական, չեզոք, բացասական եւ կարծես քիչ թե շատ հստակ վերաբերմունք արդեն կա: Ես կփորձեմ ներկայացնել իմ անձնական կարծիքը, այլ ոչ թե Տեր-Պետրոսյանի ասածի իմ մեկնաբանությունը:
Եկեք մի պահ իրական պատկերացնենք Տեր-Պետրոսյանի գալը եւ միանալը հանրահավաքին: Համացանցում տեսել եմ քննարկվելիք երկու տարբերակ: Առաջինը կարծեմ Մարինե Մանուչարյան-Գիրագոսյանն էր առաջ քաշել, որի համաձայն Լեւոնը կարող է գալ, բայց հարթակ չբարձրանալ: Երկրորդը, որը կարծես նկատի ունեն Լեւոնի միացումն ակնկալողների մեծ մասը, առաջին նախագահի հարթակ բարձրանալն է: Երկու տարբերակն էլ, ըստ իս, այս պահին խնդիր են առաջացնում:

Այս պահին Ազատության հրապարակի հանրահավաքային շարժումը դեռ հեռու է վերջնականապես ձեւավորված լինելուց: Հանրության գոնե մի զգալի մասի համար այնքան էլ հստակ չէ օրակարգը. այս իմաստով փնտրտուքի մեջ են ոչ միայն քաղաքական ուժը, այլեւ քաղաքացիական ակտիվիստների խմբերը: Պարզ չէ նաեւ հանրահավաքային ալիքի հետագա դինամիկան՝ ուժգնացում, թուլացում, հաճախականություն, շարունակականություն եւ այլն: Կարճ ասած՝ շատերը՝ թե՛ այս նոր ալիքով ոգեշնչվածները, թե՛ բարյացակամ չեզոքները, թե՛ քննադատներն ու հակառակորդները կարծես համաձայն են, որ հրապարակային պայքարը դեռ այսպես ասած «կառուցապատված» չէ: Սրան պետք է ավելացնել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի, որպես գործչի, անկանխատեսելիի համբավը եւ նրա հայտարարությունների անորոշությունը, ինչը ստիպում է նրա քայլերին շատ ավելի երկար հետեւել, քան դա կարելի էր անել այլ գործչի դեպքում:

Շատերդ կհամաձայնեք, որ այս իրավիճակում Լեւոնի միանալը հանրահավաքին կարող է պարզապես փլուզել դեռ մինչեւ վերջ չկառուցված շենքն, ընդ որում՝ մի քանի պատճառով:
Նախ՝ Լեւոնի հայտնվելը Հրապարակում եթե մի մասին կարող է ոգեւորել, ապա մյուս մասին կարող է հակառակը՝ վանել, ինչը կարծում եմ ձեռնտու չէ դեռ վերջնականապես չկազմավորված, այսպես ասած չմիաձուլված հրապարակային պայքարին: Եթե եւ երբ այն ավելի կայացած շարժման վերածվի, ուր այս պահին պայքարին միացած տարաբնույթ խմբերը հոգեբանորեն ավելի միաձույլ դառնան միմյանց, այդ ժամանակ ուժեղ ֆիգուրի մուտքը Հրապարակ պառակտման ավելի նվազ վտանգ կարող է պարունակել: Համոզված չեմ, որ այս պահին հենց ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ցանկանա այդպիսի զարգացում: Իհարկե, նա չի կարող դա ուղիղ ասել, բայց կարծում եմ հասկանում է այդքանը եւ, կամուրջները չայրելով, ավելի շատ հույսով է, որ առայժմ Լեւոնի միանալու սցենարը չի իրականանա:
Երկրորդ՝ այս պահին հրապարակում կա ժողովրդի քվեն ստացած եւ ինքն իրեն ընտրված համարող Րաֆֆի Հովհաննիսյանը: Դուր է գալիս սա մեզ, թե ոչ, սակայն ինքն է այսօր ներկայացնում ժողովրդի ձայնը: Այս պահին եւ մինչ այդ քվեից հրաժարվելու որեւէ ակնհայտ քայլ, նա այլեւս մինչեւ փետրվարի 18-ը գոյություն ունեցող Րաֆֆին չէ, ընդդիմադիր գործիչներից մեկը չէ, այլ յուրահատուկ մարմնավորումն է ժողորդի՝ որպես ՀՀ-ում իշխանություն կրող իրավական սուբյեկտի ընտրության: Որքան էլ ինքնուրույն լինի Հրապարակը, որքան էլ դեմոկրատական առաջնորդ համարվի Ր. Հովհաննիսյանը, որքան էլ նա ուշադիր լինի քաղաքացիների հորդորներին, միեւնույն է, այս պահին օրակարգ ձեւակերպելու եւ քայլեր անելու պատասխանատվությունը վերջին հաշվով իր վրա է: Եվ ոչ ոք իրավունք չունի վիճարկել նրա այդ իրավունքը: Այլապես դա, իրավ, կարող է գնահատվել որպես սադրանք, ինչպես մի քանի օր առաջ գնահատվեց մի խումբ անձանց քայլը Արմեն Մարտիրոսյանի եւ Իզաբելա Աբգարյանի կողմից: Իսկ քաղաքական գործչի դեպքում սա կարող է վերածվել ոչ միայն սադրանքի, այլեւ ուզուրպացիայի: Ճիշտ է, պայքարն անձերի պայքար չէ եւ Հրապարակը քաղաքացիներինն է, բայց կոնկրետ առիթը նախագահական ընտրություններն են մեր՝ առայժմ նախագահական կառավարմամբ երկրում: Բոլորս էլ գիտենք, որ Տեր-Պետրոսյանն ուժեղ ֆիգուր է՝ անկախ նրա նկատմամբ համակրանքից կամ հակակրանքից: Նրա հայտնվելը Հրապարակում այս պահին կարող է իր կամքից անկախ վերածվել յուրահատուկ ուզուրպացիայի հենց այն պատճառներով, որոնք արդեն նշեցի՝ չհստակեցված օրակարգ, չձեւավորված Հրապարակ, հոգեբանորեն չմիաձուլված պայքարի խմբեր: Ուժեղ ֆիգուրի հայտնվելը Հրապարակում կարող է յուրահատուկ երկբեւեռ վիճակ ստեղծել՝ ոմանց համար ետին պլան մղելով այս պահի լեգիտիմ առաջնորդին (որքան էլ չսիրեք այս եզրը, տվյալ դեպքում հնարավոր չէ դրանից խուսափել, քանի որ տուն-տունիկ չենք խաղում, այլ իրականությունից ենք խոսում՝ քաղաքական, իրավական, հասարակական-հոգեբանական), այլոց համար էլ ստեղծելով անընդունելի վիճակ: Կարծում եմ պարզ է, որ այս իրավիճակում նման զարգացումը ձեռնտու չէ ոչ մեկին:
Վերջապես, կրկին հիշելով Րաֆֆի Հովհաննիսյանի անկանխատեսելիության գործոնը, պետք է փաստել, որ ոչ միայն Տեր-Պետրոսյանի, այլեւ ցանկացած գործչի հայտնվելը Հրապարակում, որոշակի ռիսկեր է պարունակում, քանի որ եթե, օրինակի համար, վաղը Րաֆֆին գնա հասարակության համար ոչ ընկալելի փոխզիջման իշխանության հետ (խոսքը ոչ թե ցնակացած, այլ հենց հասարակության տեսակետից անընդունելի փոխզիջման մասին է), ապա հարթակում նրա կողքին կանգնածները կարող են հայտնվել բավականին անհասկանալի կարգավիճակում: Իհարկե, կարելի է ասել, որ այդ դեպքում պայքարը կշարունակեն մյուսները, որոնք կդատապարտեն Րաֆֆու քայլը: Կարծում եմ այստեղ էլ պետք է զգույշ լինել: Պայքարն ինքնանպատակ չէ, այլ ունի եւ պետք է ունենա լեգիտիմ առիթ: Կարելի է, իհարկե, ասել, որ ժողովուրդը ոչ թե Րաֆֆուն է ընտրել, այլ իշխանության դեմ է քվեարկել, եւ որ անկախ առաջնորդի պահվածքից, ժողովուրդը կարող է շարունակել իր պայքարը: Բայց համաձայնենք, որ այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում այդ պայքարի իրավական եւ հոգեբանական օրինակարգության մասին: Բացի այդ, մեծ հարց է առաջանում, թե որքա՞ն ժողովուրդ կմնա Հրապարակում Րաֆֆու հնարավոր այդ քայլից հետո: Ի դեպ, եթե ուշադիր եք եղել, ԱԺ արտահերթ ընտրությունների տարբերակը ժխտել է Սերժ Սարգսյանը, բայց չի ժխտել Րաֆֆու թիմը. արդյո՞ք դա ընդունելի տարբերակ կլինի Հրապարակի համար:
Մի խոսքով, կարծում եմ այս պահին պարզ է, որ Տեր-Պետրոսյանի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրված լինելու փաստումը առայժմ առավելագույնն է, ինչ կարելի էր ակնկալել: Մնացածը կախված կլինի հրապարակային պայքարի հետագա ծավալումից: Ի դեպ, Րաֆֆուն որպես ընտրված նախագահ իմ հասկանալով բացի Լեւոնից այս պահին ճանաչել են «Հայազն» կուսակցությունը, գործիչներից Կարապետ Ռուբինյանն ու Նիկոլ Փաշինյանը, գուցե նաեւ այլք, որոնց հայտարարությունները չեմ նկատել: Այս իմաստով նույնիսկ «Ժառանգության» հետընտրական հայտարարությունը բավական երկիմաստ էր, էլ չասած «Ազատ դեմոկրատների» եւ «Բարգավաճ Հայաստանի» հայտարարությունների մասին:
Նաեւ հաշվի առնենք, որ եթե քաղաքացիների մեծ մասը Լեւոնի միանալու հարցն ամենայն անկեղծությամբ է հարուցում, ապա ԶԼՄ-ների մի մասի կողմից նույն հարցն ավելի շատ սադրող բնույթ ունի, եւ դրանում կհամոզվեք, եթե մի օր միացումը կայանա. այդ նույն մարդիկ, նույն պաթոսով ասելու են, որ Լեւոնը եկել է փչացնելու Րաֆֆու բարի պայքարը եւ ծառայեցնելու դա իր շահերին: Երբեք հույս չունենաք հետեւողական խոսք լսել քարոզչի գործառույթ իրականացնողներից:
 

Նախորդ հոդվածը‘Ուսանողուհի. 18 տարեկան լինելով իմ առաջին քվեն կեղծվել է’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է հրապարակել իր և Սերժ Սարգսյանի զրույցի ձայնագրությունը’