‘Ր. Հովհաննիսյանի շտաբ. Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքին’

1183

Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը 24.02.2013թ., ժամը 15:00-ին Երևանի Ազատության հրապարակում հրավիրում է շտապ հավաք` համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, ըստ որի` շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք):

Հավաքի անցկացման նպատակն է, մասնավորապես, արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի 23.02.2013թ. մարզային այցելություններից հետո Հանրապետությունում ստեղծված իրավիճակին:

Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի, տեղի ունենալիք հավաքի մասին այսօր առավոտյան կիրազեկվի Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը:

Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբն ի լուր հանրության և հավաքի մասնակիցների հայտարարում է, որ հավաքն ունի խաղաղ բնույթ և անցկացվելու է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին:

Ելնելով վերը նշվածից` Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը ակնկալում է, որ ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով, իր իրավասության սահմաններում կաջակցի հավաքի անցկացմանը։

Նախորդ հոդվածը‘Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը «Պատանի պարողների Եվրատեսիլ»-ում կներկայացնի Վահագն Մարգարյանը’