‘Ցիանիդի արտահո՞սք Սարսանգի ջրամբարում’

2219

Վալլեքս ընկերությունների խմբի մեջ մտնող Բեյս մեթալս ընկերությունը 2002 թվականից ԼՂՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում իրականացնում է պղնձի և ոսկու արտահանման աշխատանքներ:

Սույն թվականի մայիս ամսին ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությանը Հաթերքի հասարակության անունից ուղղված նամակում, որի տակ ստորագրել է 42 քաղաքացի, նշվում է, որ Բեյս Մեթալս ընկերությունը Դրմբոնում կառուցել է պոչամաբար, որտեղ օգտագործվում է ցիանիդ կոչվող նյութը: Հասարակությունը, իմանալով ցիանիդ նյութի վնասակարության մասին, իր անհանգստությունն է հայտնել և խնդրել միջնորդել հարցի պարզաբանման համար:

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դիմել է ԼՂՀ առողջապահության նախարարություն, ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը և ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարությանը վերը նշված հարցի առնչությամբ տալ մասնագիտական եզրակացություն:

2012թ Հունիսի 26-ին Բեյս Մեթալս ընկերության կողմից ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության ուղղված համապատասխան նամակով Պոչերի ոսկու կորզման ֆաբրիկայի մասնաշենքի շինարարությունը ավարտվել է 2011թ. նոյեմբերին, որը հավաստված է շինարարական ավարտական ակտով: Նախագիծը ենթարկվել է բնապահպանական, շինարարական, տեխնիկական անվտանգության և օրենքով սահմանված բոլոր տեսակի փորձաքննությունների:

Նամակում նշվում է տեխնոլոգիական նկարագրությունը՝ շեշտելով, որ գործող պոչամբարը և օգտագործվող ցիանիդը գտվում է հերմետիկ վիճակում և արտահոսք բացառվում է:  Այն գտնվում է ամենաժամանակակից վերահսկողության ներքո: Նատրիումի ցիանիդի հետ աշխատող ամբողջ անձնակազմը հատուկ ուսուցանված, հրահանգավորված և ստուգված է:

Մինչդեռ ըստ ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պատասխան նամակի, բոլոր ուսումնասիրությունները, հետազոտությունները կատարված են, ամեն ինչ համապատասխանում է թույատրելի ստանդարտներին:

Նամակից մեջբերում.

«Վերոնշյալ գործարանը կառուցված է, սական դեռևս չի գործում:» Փաստորեն ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը նույնիսկ տեղյակ չէ, որ պոչամբարը գործում է:

Անկախացումից հետո սա այն եզակի դեպքերից է, երբ  ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը առնչվում է նման բնապահպանական խնդիրների հետ: Չունենալով համապատասխան մասնագետներ` հարց է ծագում ինչպես են իրականացնում նման  հետազոտություններ:

Դրմբոն գյուղի բնակիչները կամ տեղեկացված չեն ցիանիդի առկայության մասին , կամ էլ հրաժարվում են խոսել տեսախցիկի առջև: Առանձին զրույցներից պարզ դարձավ, որ այնտեղ վախի մթնոլորտ է տիրում: Զրուցակիցներից մեկը նշեց, որ ավելի լավ է այդ մարդկանց անուները, որոնք գրել են դիմումը չբարձրաձայնեք, կամ մարդիկ չեն ուղղորդի ձեզ դեպի այդ մարդկանց տները կամ էլ կասեն, որ այդպիսի մարդիկ գոյություն չունեն:

Զրուցակիցներից մեկը ասաց.

«Եթե ցիանիդ կոչվող նյութի պարունակության արտահաոսք բացառվում է, ապա ինչպես բացատրել վերջերս Սարսանգի ջրամբարում մեծ քանակությամբ սատկած ձկների առկայությունը:» Զրուցակիցս վստահ էր, որ դա ցիանիդի արտահոսքի հետևանք է:

Մեկ այլ զրուցակից նշեց.  « Բոլորս գիտենք , որ այստեղ ապրելը բոլորիս համար էլ վտանգավոր է, բայց ինչ անենք, այլընտրանք չունենք: Ինչպե՞ս ընտանիք պահենք: Այո այստեղի բնակիչները միշտ բողոքում են գլխացավի առկայությունից, բայց ինչ արած…»

Այսօր բնապահապանական որևէ շարժ Արցախում չկա, երկրում գործող միակ «Զեփյուռ» բնապահպանական հասարարակական կազմակերպությունը չի գործում, նրանց աշխատանքները սահմանափակվում են միայն ծառատունկներով: Այս հարցը դեռ մնում է բաց, ժողովուրդը շատ հաճախ ելնելով սոցիալական ծանր վիճակից նույնիսկ գիտակցելով իր առողջության վրա հանքավայրերի ծանր ազդեցությունը լռում է, մինչդեռ լռում է նաև կառավարությունը: Միթե՞ ժողովրդի անվտանգության, առոջության պահպանումը չէ որ պետք է գտվի կառավարության կիզակետում:

Աղբյուրը՝ Ապառաժ թերթ (Արցախ)

 

 

Նախորդ հոդվածը‘«Չենք լռելու». Բժիշկները վաճառե՞լ են հիվանդի երիկամը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խուլիո Իգլեսիասը համերգ կտա Երևանում’