‘Ցմահների վերաբերյալ օրենսդրական փաթեթը դեռ հում է. «Հրապարակ»’

1145

Ցմահ ազատազրկվածները և նրանց հարազատները, կալանավայրերում պատիժը կրող մյուս դատապարտյալները շունչները պահած սպասում են օրենսդրական փաթեթին, որը ներկայում մշակվում է արդարադատության նախարարությունում: Նրանք հույս ունեն, որ այս փաթեթը կվերացնի Քոչարյանի 2003 թ. օգոստոսի 1-ի ցմահների «ներման» հրամանագրի իրավական հետևանքները, կլուծի շատ խնդիրներ՝ վաղաժամկետ ազատ արձակման ու պատժաչափերի վերանայման մեխանիզմների բացակայություն, ներման ինստիտուտի անգործություն, հասարակություն վերադառնալու մեխանիզմների անկատարություն և այլն: Դրանք տարիներ շարունակ ապարդյուն բարձրացվել են միջազգային կազմակերպությունների, կառավարության, նախագահների առաջ: Ինչ փոփոխություններ են նախատեսված ԱԺ ներկայացվելիք փաթեթում, և որքանով են դրանք լուծում ցմահ դատապարտվածների այս հիմնական հարցերը: Պարզաբանման համար դիմեցինք արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին: Նա ասաց, որ փոփոխություններ են մտցվելու պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման իրավական կառուցակարգում, իսկ համապատասխան անկախ հանձնաժողովի գործունեության կարգի փոփոխման հնարավորությունը դեռ քննարկվում է: Սա նշանակում է, որ փաթեթը դեռևս հում վիճակում է, քանի որ այդ հանձնաժողովի աշխատանքը և դրա իրավական հիմքերն ամենամեծ դժգոհություններն էին առաջացնում: Հիշեցնենք, սակայն, որ իր ասուլիսի ժամանակ արդարադատության նախարարն ասաց, որ փաթեթն արդեն մշակվել է: Ըստ Արման Թաթոյանի, փոխվելու են  դատապարտյալի վարքագծի գնահատման ցուցանիշները, ավելի օբյեկտիվ ցուցիչներ են սահմանվելու: «Ընդ որում, խոսքը գնում է այնպիսի փոփոխությունների մասին, որոնք առկա իրավական կարգավորումների պայմաններում գործնականում կարող են ապահովել լիարժեք կիրառություն,- ասում է Արման Թաթոյանը,- ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվում է ցմահ ազատազրկվածների իրավունքների ընդլայնում, օրինակ՝ այցելությունների թվի ավելացում, վերջիններիս մյուս դատապարտյալներից անջատ պահելու արգելքի վերացում»: Նոր քրեական օրենսգրքի հայեցակարգում տեղ են գտել նաև հանցագործության համար պատիժ նշանակելու և այն կրող անձանց քրեական պատասխանատվությունից ու պատժից ազատելու ինստիտուտների կատարելագործմանն առնչվող հարցեր: «Օրինակ, առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսել «18-21 տարեկան երիտասարդ» հասկացությունը և նրանց քրեական պատասխանատվության ու պատժի առանձնահատկությունները կարգավորել առանձին գլխով: Արտասահմանյան մի շարք երկրների քրեական օրենսդրության վերլուծության հիման վրա պարզվել է, որ որոշ դեպքերում 18-21 տարեկան հասակում հանցանք կատարած անձանց նկատմամբ պետք է կիրառվեն անչափահասների քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները։ Իսկ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է այս ինստիտուտի այնպիսի կանոնակարգում, որը հնարավորություն կտա պատժից ազատելու պարագայում դրսևորել անհատական մոտեցում»:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն տասն օր փակ է լինելու’
Հաջորդ հոդվածը‘Դիվերսանտներից մեկին «բռնած» կապիտանին չեն պարգևատրում, քանի որ նրա եղբայրը ընդդիմադիր է. «Ժողովուրդ»’