‘Ցնցող անակնկալ. Տարոն Մարգարյանը՝ «տարվա լավագույն քաղաքապետ» ‘

535

Ցնցող իրադարձություն է տեղի ունեցել Երեւանում. Տարոն Մարգարյանը «International Media Holding»  ընկերության կողմից կազմակերպված առցանց քվեարկության (առցանց!!!) և դեմ առ դեմ հարցման արդյունքում ճանաչվել է տարվա լավագույն քաղաքապետ: Ի դեպ, չի նշվում, թե խոսքը Հայաստանի՞՝ տարվա լավագույն քաղաքապետի տիտղոսի, թե՞ աշխարհի, թե՞, միգուցե, տիեզերքի լավագույն քաղաքապետի տիտղոսի մասին է:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայության՝ «մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը Մարգարյանի մրցանակը ստացել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը»: Ի դեպ, «International Media Holding»-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, ընդգծել է, որ տարբեր ոլորտներում առաջատար համարված գործիչներն ընտրվել են նախորդ տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքի շնորհիվ, ինչի գնահատականը տվել է հասարակությունը: Երեւի խոսքը տրանսպորտի թանկացման, փակ շուկայի եւ այլ պատմամշակութային շինությունների քանդման ոլորտներում Տարոն Մարգարյանի կատարած աշխատանքի ու արձանագրած հաջողությունների մասին է: Ինչ վերաբերում է առցանց քվեարկությանը, ապա չմոռանանք, թե ինչպես էր Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ Տարոն Մարգարյանը առցանց «երկրպագուներ» հավաքում՝ կեղծ լայքերի շնորհիվ: Հիշեցնենք, որ  դեռ ավագանու ընտրությունների ժամանակ համացանցում էր հայտնվել մի տեսանյութ, որտեղ ներկայացված էր փորձագետ Նարեկ Հարությունյանի տեսաուղերձը: Վերջինս ամենայն մանրամասնությամբ պատմում էր, թե ինչպես է Mediamall.am կայքը ապահովել Տարոն Մարգարյանի՝ «Ավելի լավ Երեւան» ֆեյսբուքյան էջի ավտոմատ լայքերը: Ի դեպ, նշված կայքի, ինչպես նաև lurer.com կայքի հիմնադիրը նույն ինքը Արման Վարդանյանն է:

Նախորդ հոդվածը‘Կասպրշիկ. Հրադադարի ռեժիմի պահպանման պատասխանատվությունն ընկնում է երկու կողմերի վրա ‘
Հաջորդ հոդվածը‘Ծաղկաձորում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրենի դիակը’