‘Ցուցարարները գնում են ՀՀԿ գրասենյակ` պահանջելու ներկայանալ ԱԺ նիստին’

1488

Ազգային ժողովի դիմաց ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ցույց անող քաղաքացիները երթով շարժվեցին դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հորդորեց ցուցարարներին ՀՀԿ գրասենյակում հանրապետական պատգամավորներից պահանջել` մասնակցել ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին: 

Իր հերթին՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ցուցարարներին կոչ արեց հաստատակամ լինել եւ չընկճվել: «Հանրապետականները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ թքած ունեն Սահմանադրության վրա», — նշեց նա:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը թեեւ դեմ չէ, որ ցուցարարները գնան ՀՀԿ գրասենյակի մոտ, բայց կասկածում է, որ այդ ցույցը կստիպի հանրապետականներին գալ խորհրդարան:  Որովհետեւ, ըստ պատգամավորի, ՀՀԿ-ականները պատրաստ չեն քննարկմանը եւ իրենց ներկայացրած փաստարկների դեմ հակափաստարկներ չունեն: 

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը ԵԽ կոմիտեի նախագահությունը հանձնեց Ավստրիային’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Մնում է ձևակերպել ժամկետները’