‘Ցուցարարները փորձում են քաղաքապետարանի դիմաց վրան տեղադրել. Ոստիկանները առեւանգել են ցուցարարներից մեկին’

1044

Երեւանում հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները Երեւանի քաղաքապետարանի դեմ արդեն յոթերորդ օրը նստացույց անող ակտիվիստների համար փորձում են վրան տեղադրել: Ոստիկանները խոչընդոտում են վրանների տեղադրումը:

Մինչ այդ ցուցարարները թղթե փոքր վրաններ են տեղադրել քաղաքապետարանին հարակից խոտածածկի վրա: Ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը հայտարարեց, որ ոստիկոանության գործողությունները ապօրինի են, քանի որ ՀՀ ոչ մի օրենք չի արգելում վրան տեղադրել:

Ակտիվիստներն այժմ փորձում են վրանը տեղադրել քաղաքապետարանի դիմաց, Ռուսաստանի հրապարակում գտնվող խոտածածկ տարածքի վրա: Ոստիկանների գործողությունները գլխավորում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ցուցարարները զգուշացնում են, որ ոստիկանության գործողությունները ապօրինի են: Ի պատասխան, գնդապետ Օսիպյանը առաջարկում է բողոքարկել ոստիկանության գործողությունները:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանները բերման են ենթարկել Արգիշտի Կիվիրյանին: Վալերի Օսիպյանի խոսքերով, նրան «տարել են» վրան տեղադրելու փորձի համար:

Հիշեցնենք, որ նստացույցին մասնակցող քաղաքացիները պահանջում են պատասխանատվության ենթարկել ուղեվարձի թանկացման որոշումը կայացնող պաշտանյաներին, մասնավորապես, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ ՆԱվասարդյանին եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին: Քաղաքապետարանի լրատվական ծառայությունը արձագանքել է այս պահանջին: «Այդ մարդիկ (պաշտոնյաները-խմբ.) համարվում են համայնքային ծառայողներ, եւ եթե ինչ-ինչ մարդիկ պահանջներ են ներկայացնում նրանց նկատմամբ, դա չի նշանակում, որ պետք է վերցնես ու ազատես նրանք աշխատանքից», — հայտարարել է քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Արթուր Գեւորգյանը: 

Նախորդ հոդվածը‘Լարված իրավիճակ քաղաքապետարանի մոտ (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները տարան ցուցարարների վրանը (լուսանկարներ)’