‘Փախուստ Հյուսիսային Կորեայից. Aktualne.cz’

1024

Չեխական Aktualne.cz պարբերականը ուշագրավ հոդված է հրապարակել Հս.Կորեայից փախուստի դիմած քաղաքացիների մասին:
Չեխական պարբերականի ուշագրավ անդրադարձը թեմային՝ ստորեւ՝ մասնակի կրճատումներով:  

Տարեց-տարի ավելի շատ մարդիկ են փորձում փախչել Հյուսիսային Կորեայից: Նրանցից շատերի փախուստի փորձը, սակայն, անհաջողության է մատնվում, նրանք կամ սպանվում են փախուստի ճանապարհին, կամ՝ ձերբակալվում և հետագայում սպանվում են հյուսիսկորեական բանտերում:

Հյուսիսային Կորեայից հաջողությամբ Հարավային Կորեա ճողոպրածները պատմում են, թե ինչքան վատ է վիճակը իրենց երկրում: Ըստ նրանց, երկիր ժամանող արտասահմանցիները հիմնականում լինում են երկրի մայրաքաղաք Փհենյանում, որտեղ վիճակը համեմատաբար լավ է, սակայն Փհենյանից դուրս վիճակը սարսափելի է, գյուղերում մարդիկ սովամահ են լինում, շատերը չեն ստանում որևէ նպաստ, քանի որ ուղղակի փող չկա, իսկ երկիր առաքվող արտասահմանյան օգնությունը ամբողջությամբ վերցնում է բանակը:

Կիմ Չեն Ինի ռեժիմը փորձում է 25 միլիոն հյուսիսկորեացիներին պահել լիակատար մեկուսացման մեջ, թեև Հյուսիսային Կորեայում կան բջջային հեռախոսներ և ինտերնետ, սակայն հնարավոր չէ զանգահարել արտասահման, կամ մտնել արտասահմանյան կայքեր:

Հյուսիսկորեական օրենքներով արգելված է լսել հարավկորեական ռադիոալիքներ, կամ նայել հարավկորեական ֆիլմերով DVD սկավառակներ, դրա համար կարող են ազատազրկել, սակայն այս սահմանափակումները օրեցօր ավելի են դժվարանում կառավարության համար: Եթե 70-ական, 80-ական թվականներին բնակչության բավականին զգալի հատվածը հավատում էր, որ Հյուսիսային Կորեայից դուրս աշխարհում ամեն ինչ ավելի վատ է, ապա այժմ չնայած արտասահմանյան ֆիլմերի դիտելու և արտասահմանյան ռադիոհեռարձակում ունկնդրելու արգելքին ավելի ու ավելի շատ մարդիկ են պատկերացում կազմում երկրից դուրս կատարվող իրադարձությունների մասին: Ավելի շատ մարդիկ են պատկերացում կազմում երկրից դուրս կատարվող իրադարձությունների մասին: Մարդիկ բացում են աչքերը ավելի ու ավելի լայն, և ավելի է ամրապնդվում համոզումը, որ վարչախումբը երկար չի ձգի:

Այնուամենայնիվ Փհենյանը դիմադրում է բոլոր փոփոխություններին և մարտահրավերներին: Գումարների մեծ մասը ծախսվում են բանակի և սպառազինությունների վրա, այդ թվում երկար շառավղով հրթիռների ձեռքբերման և միջուկային փորձարկումների վրա, իսկ միևնույն ժամանակ շարքային մարդիկ ուղղակի սովամահ են լինում: Հնարավոր չէ պարզել թե քանի մարդ է 1990-ականներից սկսած սովամահ եղել, սակայն Հյուսիսային Կորեայից ճողոպրածները խոսում են, որ մեկ միլիոնից ավելի մարդ սովամահ է եղել հենց այդ ժամանակահատվածում:

Հյուսիսային Կորեայից ճողոպրածները դեմ են արտահայտվում իրենց երկիր միջազգային օգնության առաքմանը, քանի որ նրանց, ում այդ օգնությունը ամենից շատն է հարկավոր, ոչինչ չի հասնում, նրանք այդ օգնության մասին անգամ չգիտեն, այդ օգնությունը ընդամենը երկարացնում է իշխող վարչախմբի գոյությունը:

Հյուսիսկորեական տարագիրները հույս ունեն, որ կգա օր, երբ երկու Կորեաները կմիավորվեն սակայն մտավախություն ունեն, որ քանի դեռ Կիմ ընտանիքը իշխում է հյուսիսում, դա չի իրականանա:

Նախորդ հոդվածը‘Երևանում մեկնարկում է Երիտասարդ ռեժիսորների VIII հանրապետական փառատոնը ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ պատգամավորը համոզված է, որ Սերժ Սարգսյանը խոհեմ է եւ հրաժարական կտա ‘