‘Փակ շուկա այլևս գոյություն չունի (ֆոտոշարք)’

3603

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում կասեցնել ապօրինի շինարարական գործողությունները Փակ շուկայում: Խումբը նաև հուշարձանը հետագայում փչացնելուց դադարեցնելու նպատակով նախաձեռնել էր հերթապահություններ:

«Հասարակական շարժման նախաձեռնող խմբի՝ Փակ շուկայում իրականացվող ապօրինի շինարարական գործողությունները դադարեցնելու կոչին արձագանքել են հետևյալ քաղաքացիները.

Հակոբյան Կարինե – արվեստաբան, հրապարակախոս

Մինասյան Սեյրան – քիմիկոս

Եղիազարյան Օշին – ճարտարապետ

Հայկազյան Վարդան – գյուղատնտեսության և էկոլոգիայի գծով փորձագետ

Մինասյան Հայկ – ֆիզիկոս

Վարդումյան Հովիկ – գրող, ազատամարտիկ

Յազիճյան Գևորգ – լրագրող, հրապարակախոս

Դոխոլյան Արթուր – լրագրող

Կարախանյան Լևոն – դոցենտ

Բաղդասարյան Էդգար – ռեժիսոր»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ տարածված հայտարարության մեջ նշվում էր. «Հին Երևանի սրտում գտնվող Ծածկած շուկայի սեփականատեր օլիգարխը մեր աչքի առաջ բարբարոսաբար քանդում ու աղճատում է հանրապետական նշանակության հուշարձանը, իր տեսակի մեջ բացառիկ այս ճարտարապետական ստեղծագործությունը:

Շուրջ երկու տարի տևող այս բարբարոսության ընթացքում մասնագիտական և քաղաքացիական հանրությունը բազմիցս գրավոր կերպով ահազանգել է ՀՀ պետական բոլոր պատկան մարմիններին, այդ թվում ՀՀ դատախազությանը, սեփականատիրոջ հանցավոր ապօրինությունների վերաբերյալ` ներկայացնելով հնարավոր բոլոր փաստարկումները:

Սակայն ՀՀ իրավապահ մարմինները բավարարվել են միայն տուգանքներով և սին հավաստիացումներով, թե իբր ապօրինի շինարարությունը դադարեցված է ու գտնվում է խիստ հսկողության տակ:

Մինչդեռ իրեն օրենքից վեր դասող սեփականատեր օլիգարխը ոչ միայն չի ապահովել հուշարձանի պահպանությունն ու անվթարությունը, այլև անգամ օրենքով սահմանված տուգանքների վճարումից հետո դիտավորյալ կերպով հետևողականորեն շարունակել է դրա քանդման ու վերակառուցման ապօրինի գործունեությունը` անթույլատրելի փոփոխությունների ենթարկելով նրա կերպարը, ներքին ու արտաքին կառուցվածքը, նսեմացնելով հուշարձանի պատմաճարտարապետական արժեքը»:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Փլեյ-օֆֆ փուլի արդյունքները, խմբային փուլի զամբյուղները’
Հաջորդ հոդվածը‘Ս. Սարգսյանի «բարձր հովանու ներքո» իրականացվող բնակարանաշինության ծրագիրը՝ տապալված’