‘Փայտյանին ազատել են՝ բանակին գոմեշի բրիկետ մատակարարելու պատճառով’

1151

Սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Ազատման վերաբերյալ պաշտոնական որևէ պատճառաբանություն չներկայացվեց: 168.am-ի տեղեկություններով, իրականում Ա. Փայտյանի պաշտոնանկությունը կապված է եղել բանակին գոմեշի բրիկետ մատակարարելու հայտնի պատմության հետ:

Ըստ 168.am–ի աղբյուրների, Փայտյանը ներգրավված է  եղել Բրազիլիայից ներմուծված գոմեշի ժամկետանց բրիկետը բանակին մատակարարելու, համապատասխան մրցույթը շահելու գործընթացում: Մրցույթում, մեր տեղեկություններով, հաղթող է ճանաչվել Ա. Փայտյանի հետ համագործակցող մի ընկերություն, որը ներկրել է արտաքինից տավարի մսից ոչնչով չտարբերվող ժամկետանց «գոմեշի բրիկետներ»:

Ի դեպ, լավատեղյակ աղբյուրները վստահեցնում են, որ միայն լաբորատոր ստուգումների արդյունքում է հայտնաբերվել ճշմարտությունը, քանի որ, ինչպես նշեցինք` գոմեշի բրիկետն արտաքնապես տավարի մսից գրեթե ոչնչով չի տարբերվում: Նշենք նաև, որ գոմեշի բրիկետն իր կալորիականությամբ հարյուրապատիկ զիջում է տավարի մսին:

Որոշ տեղեկություններով, սակայն, Ա. Փայտյանին կհաջողվի խուսափել պատասխանատվությունից, քանի որ նա փաստացի կապ չունի մրցույթը շահած ընկերության հետ: Նա այդ «օպերացիան» վերահսկել է՝ «շեֆի» կարգավիճակով:

Ի դեպ, ասում են, որ այս գործում ներգրավված են ՊՆ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ևս:

Հ.Գ. 168.am–ի թղթակիցը զրուցեց նաև ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Նա մեր թղթակից հետ զրույցում ասել է, թե ինքը չի կարող մեկնաբանել մեր տեղեկությունը: Իսկ հարցին, թե` լաբորատոր ստուգումների արդյունքներն արդեն հայտնի՞ են, նա պատասխանել է, որ գործը գտնվում է քննչական վարչությունում, և հարցը պետք է ուղղել հենց նրանց:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. Ոչինչ, որ Ռոնալդուն տխուր է, կարեւորը լավ է խաղում’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Հրանտ Դինքը կդառնար 58 տարեկան’