‘Փաշազադե. Ղարաբաղյան հակամարտությունը կրոնական հարց չէ ‘

923

Ադրբեջանի և Հայաստանի կրոնական առաջնորդները կարող են ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, կարծում է Կովկասի մուսուլմանների վարչության առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:

 «Ադրբեջանի և Հայաստանի կրոնական առաջնորդները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Մենք կարող ենք որոշակի ազդեցություն ունենալ այդ խնդրի կարգավորման հարցում՝ որպես կրոնական առաջնորդներ»,- հայտարարել է Փաշազադեն ադրբեջանական ATV հեռուստատեսության եթերից: Ըստ Փաշազադեի՝ հակամարտության կարգավորման ուղիների ընտրությունն անմիջականորեն երկրի ղեկավարների իրավասությունների մեջ է մտնում:

«Ղարաբաղյան հակամարտությունը կրոնական հարց չէ: Դա քաղաքական խնդիր է, որը պետք է լուծեն պետությունների ղեկավարները: Այսինքն՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի կամ խաղաղ ճանապարհով, կամ էլ մեկ այլ ճանապարհով, որը պետության ղեկավարի իրավասությունն է,- ասել է նա՝ հավելելով: — Ընդհանուր առմամբ՝ ես կարծում եմ, որ մեր կոչերը պետք է ուղղված լինեն խաղաղությանը, մենք չպետք է պատերազմի կոչ անենք: Մենք շատ հանդիպումներ ենք ունեցել Հայոց կաթողիկոսի հետ, և եթե անհրաժեշտ լինի՝ կհանդիպենք այնքան, որքան պետք է:… Գարեգին II-ի խնդրանքով՝ ես հանդիպեցի հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ, թեև գտնվեցին ուժեր, որոնք փորձում էին խոչընդոտել իմ հանդիպումն Ինջիղուլյանի հետ: Ես նման բաներին ուշադրություն չեմ դարձնում, ես իմ աշխատանքն եմ անում և իմ կարծիքն եմ արտահայտում»:

Փաշազադեն նաև ընդգծել է, որ եթե ԿՄՎ-ն դիմում ստանա Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերիների հետ հանդիպելու վերաբերյալ, նույնպես կարող է այդ հարցով դիմել Հայոց կաթողիկոսին:

Ի դեպ, ինչպես  «Интерфакс-Азербайджан» գործակալությանը տեղեկացրել է դիվանագիտական շրջանակների աղբյուրը, հայ ռազմագերու հետ շեյխի հանդիպմանը  փորձել է խոչընդոտել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը նաև դեմ է եղել հանդիպմանը լրագրողների ներկայությանը:

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլը հեռուստաեթերում’
Հաջորդ հոդվածը‘Երեւան-Եղվարդ ճանապարհին այրել են արագաչափը’