‘Փաշինյան. Վտանգները կառավարվում են եւ արմատախիլ կարվեն. Սիվիլնեթ’

1624

Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղյալ չի եղել նախկինում ղարաբաղյան կարգավորման գործընթացի մանրամասներին:

Այս մասին «Սիվիլնեթ»-ի փոխանցմամբ այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի շենքի բակում լրագրողների հետ ճեպազրույցում։

Մասնավորապես, Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե ովքե՞ր են այն ուժերը, որոնք, իր հիշատակմամբ «փորձում են դավադրությունների միջոցով պատերազմ հրահրել եւ հողեր հանձնել», եւ ապա այդ ամենի պատասխանատու հռչակել իշխանություններին։

«Բարձրաձայնել եմ դրա մասին՝ Գորիսում ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Գիտեք՝ ինչից է այդ տրամաբանությունը։ Ես, օրինակ եւ՛ Լեռնային Ղարաբաղի, եւ՛ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել եւ ներկայացրել եմ ԼՂ հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը։ Եվ հետարքրքվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ կապված վերապահումներ կա՞ն, համաձա՞յն են այդ տեսլաանի հետ, թե՞ ոչ։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են։ Երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ տակից հրահրում են, թե այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես այս մարդու հետ գաղտնիության պայմաններում նստել, խոսել եմ, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով պետք է մենք գնանք առաջ։ Եթե այս մարդը դուրս է գալիս ու իր օգնականին ասում՝ գնա Ֆեյսբուքում գրիր, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է ինքը դա անում։ Ինքը հո 100 տոկոսով գիտի, թե ինչ է կատարվում։ Ընդ որում, երբ Հայաստանի իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում եւ ինչ են ուզում անել»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ ինքը ԼՂ հիմնախնդրի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂՀ իշխանություններին, եւ որ վերջիններս դրանից առաջ  տեղյակ չեն եղել, թե ինչ է բանակցվել իրենից առաջ։

«Տեղյակ չեն եղել։ Հինգ անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա՞կ եք՝ ինչ է խոսվել, ինչ է պայմանավորվել։ Տեղյակ չեն եղել։ Իրենք դրանից հետո գնում են իրենց օգնականների, սոցիալական ցանցերի, նույնիսկ անձամբ գրում են, թե ապազգային իշխանությունը, հակազգային իշխանությունը հողերը հանձնում է․․․ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են դա անում»,- ասել է Փաշինյանը։

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ այդ դավադիր ուժերի վտանգը վերացած է, Փաշինյանն արձագանքել է. «Վտանգները կառավարվում են եւ արմատախիլ կարվեն»։

 

Նախորդ հոդվածը‘Norway Chess․ Լեւոն Արոնյանն ուժեղ էր Ալեքսանդր Գրիշչուկից’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը և Փաշինյանը կհանդիպեն Պետերբուրգում’