Փաստաբանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան` Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ արդարացման որոշում կայացնելու խնդրանքով

2171

Ապրիլի 20-ին Գրիգոր Ոսկերչյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը Վճռաբեկ դատարան է ներկայացրել բողոք, որով դատարանից խնդրել է նոր հանգամանքի հիմքով վերաբացել վարույթը եւ արդարացման որոշում կայացնել Ոսկերչյանի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Գրիգոր Ոսկերչյանին մեղադրանք էր առաջադրվել հայտնի «7-ի գործով»՝ նախ, պետական իշխանության յուրացման եւ Զանգվածային անկարգությունների կազմակերպման համար, սակայն, վճիռ հրապարակելիս, դատարանը Ոսկերչյանին «մեղավոր» ճանաչեց ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ Սահմանադրական կարգը տապալելու կոչերի համար:

Որպես նոր հանգամանք է հանդիսացել 2022 թ. հունվարի 20-ի Եւրոպական դատարանի որոշումը, որով դատարանը արձանագրել է, որ ՀՀ-ն ընդունել է Ոսկերչյանի նկատմամբ ներպետական ատյանների կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով, 6-րդ հոդվածի 3–րդ կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով և 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում: ՄԻԵԴ-ը որպես պատճառված վնաս որոշել է նաեւ որպես փոխհատուցում հատկացնել Գրիգոր Ոսկերչյանի ժառանգներին 12.150 Եվրո գումար:

Հիշեցնենք նաեւ, որ հայտնի «7-ի գործով» արդեն արդարացվել են Ալեքսանդր Արզումանյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի մասով կայացված վճիռները բեկանվել են եւ քննության են առնվում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ Սուրեն Սիրունյանի վերաբերյալ բողոքը ուղարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան:

Նախորդ հոդվածըՈւկրաինան չի ընդունում, որ ՌԴ զորքը գրավել է Մարիուպոլը
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը կծախսի 120 միլիոն ֆունտ ստերլինգ