‘Փաստաբանները երկօրյա գործադուլ են անում. Նրանք որևէ դրական տեղաշարժ չեն տեսնում’

1211

Փաստաբանների երկօրյա գործադուլին միացել է 201 փաստաբան: Այս մասին այսօր հանրային քննարկման ժամանակ հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը: Նա հիշեցրեց, որ վաղը կլրանա ուղիղ մեկ տարի այն օրվանից, երբ շուրջ 550 փաստաբաններ մեկօրյա գործադուլ իրականացրին ընդդեմ Վճռաբեկ դատարանի կամայականությունների: Այսօր Ալումյանն արձանագրեց, որ այս մեկ տարվա ընթացքում որևէ դրական փոփոխություն չի գրանցվել:

«Բողոքի այդ ակցիայից հետո իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը հույս արթնացրին, թե ինչ-որ բան կբարելավվի: Ցավոք, նախորդ գործադուլի ընթացքում բարձրացված խնդիրներց որևէ մեկի առումով որևէ դրական տեղաշարժ չկա: Սա կարող է վկայել այն մասին, որ փաստաբանների կարծիքն իշխանությունների համար դեռևս էական նշանակություն չունի»,- ասել է Ալումյանը:

Նա նշել է, որ նախորդ տարվա գործադուլին մասնակցած շատ փաստաբաններ չեն միացել այս տարվա ակցիային՝ պատճառաբանելով, թե նախորդ ակցիայից հետո ոչինչ չի փոխվել, ուստի նոր ակցիան իրենք անիմաստ են համարում, մինչդեռ Ալումյանի համոզմամբ՝ սեփական ուժերին թերահավատությունը հանգեցնելու է դատական համակարգի նկատմամբ վստահության անկման:

«Կարծիքների փոխանակման, քննարկումների ընթացքում որևէ փաստաբանի կողմից չի հնչեցվել գոհունակություն Վճռաբեկ դատարանի գործունեության կապակցությամբ: Գործադուլի նախապատրաստական փուլը ցույց տվեց, որ մենք տեսնում ենք անարդարություն Վճռաբեկ դատարանի գործողություններում, ինչպես նաև՝ այդ անարդարության դեմ պայքարելու ծայրահեղ անհրաժեշտություն»,- նշեց Ալումյանը:

Նա նշեց, որ իշխանությունները, անտեսելով փաստաբանների կարծիքը, անտեսում են ՀՀ քաղաքացիների կարծիքը, որոնք արդեն առնչվել  կամ նոր պետք է առչնվեն դատական այդ ատյանի հետ: Փաստաբանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանը որոշ դեպքերում վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունել՝ պատճառաբանությամբ, թե դրանք հետաքրքիր չեն դատարանի համար: «Նույն իրավական խնդիրը հետաքրքրություն է առաջացրել Եվրոպական դատարանի համար, և հիմա Վճռաբեկ դատարանի հետաքրքրասիրության պակասի հետևանքները կրում է ՀՀ բյուջեն»,- ասաց նա:

Փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը ևս հայտնեց, որ այս մեկ տարվա ընթացքում որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվել. դատական համակարգում շարունակում են կիրառվել երկակի ստանդարտներ, վճռաբեկ բողոքներն առանց պատճաբանության վերադարձվում են:

«Թեև ՀՀ Վճռաբեկ դատարանը Սահմանադրությամբ կոչված է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, սակայն գործնականում շեղվել է այդ ուղուց: Վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու գործընթացը շարունակում է մնալ ստվերում: Մտահոգիչ է, որ լսելով իր հասցեին հնչող քննադատությունները՝ Վճռաբեկ դատարանը ոչ թե փորձում է պայքարել դրանց պատճառների դեմ, այլ հակընդդեմ մեղադրանքներ է հնչեցնում՝ հաշվի չառնելով, որ սա հազարավոր մարդկանց միջինացված և ամփոփված կարծիքն է»,- ասաց փաստաբանը:

Նախորդ հոդվածը‘Սամբոյի աշխարհի նախկին չեմպիոնը ինքնասպանություն է գործել’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է ԲՀԿ-ին առնչվող որոշ լուրեր’