‘Փաստաբանների պալատը մերժել է Արտակ Կարապետյանի բողոքը. «Հրապարակ»’

1379

Փաստաբանների պալատը քննարկել է փաստաբան Վարդուհի Էլբակյանի վերաբերյալ ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանի բողոքը և մերժել կարգապահական վարույթի հարուցումը, գրում է «Հրապարակը»:  

Հիշեցնենք, որ Արտակ Կարապետյանն այն ՀԱԿ ակտիվիստների թվում էր, ով 2011թ. օգոստոսին Կարապի լճի մոտ բախում ունեցավ ոստիկանների հետ, իսկ հետագայում Տիգրան Առաքելյանի եւ մյուսների հետ քրեական հետապնդման ենթարկվեց: Նրան մեղադրեցին խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ եւ կալանավորեցին: Հետագայում վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվեց գրավով՝ 3 մլն դրամի չափով, ապա 2013թ. հոկտեմբերին համաներմամբ ազատեցին պատժից: Սակայն մինչ օրս Արտակ Կարապետյանին չի հաջողվել հետ ստանալ գրավի գումարը, որը նա պարտքով վերցրել էր հարազատներից, եւ որը պետությունը վերադարձնում է դատական գործընթացից հետո: Նա վստահեցնում է, որ գումարը դուրս է գրել իր շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:

«Փետրվարի կեսերին, երբ վճիռն արդեն օրինական ուժի մեջ էր մտել, դիմեցի նրան փողը ստանալու համար: Բայց նա մոտ մեկ ամիս ձգձգեց գումարը բանկից ստանալու գործը: Ինձ ասում էր, որ ինչ-որ փաստաթղթեր է պատրաստում, ինչ-որ պրոցես է սկսել, որ ես ստանամ իմ փողը: Հետո  այլ ճանապարհով ճշտեցի, որ գումարը դուրս է գրված բանկից, եւ Վարդուհի Էլբակյանն ավելի քան մեկ ամիս առաջ ստացել է այն»,- ավելի վաղ թերթին ասել է Կարապետյանը: Արտակ Կարապետյանը փորձել է պարզաբանումներ ստանալ Վարդուհի Էլբակյանից, բայց, ի պատասխան, անհասկանալի պատճառաբանություն է ստացել, թե ՀԱԿ-ն իրեն գումար էր պարտք, եւ այդ փողը նա վերցրել է պարտքի դիմաց: «Քանի որ ես ՀԱԿ համակիր էի, եւ իմ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կրում էր քաղաքական բնույթ, բնականաբար, առաջին իրավական օգնությունն ինձ ցուցաբերեց ՀԱԿ-ը: ՀԱԿ ղեկավարներն իմ փաստաբանին են տրամադրել 3 մլն ՀՀ դրամ՝ ՀԱԿ իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի միջոցով: Նա Վարդուհի Էլբակյանի հետ եղել է «Հայէկոնոմբանկ»-ում եւ կատարել է վճարումը: Նույն օրը, նրանց օգնությամբ, իմ փաստաբան Վարդուհի Էլբակյանի ձեռքով գումարը վճարվել է դատարանի դեպոզիտ հաշվին»,- պատմում է Կարապետյանը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից նա խնդրել էր կարգապահական վարույթ հարուցել Վարդուհի Էլբակյանի դեմ, բայց մինչեւ նրան դիմելը փորձել է պրոբլեմը հարթել ընդհանուր ընկերների միջոցով:

Ինչպես տեղեկացնում է թերթը, ՓՊ նախագահ Ա.Զոհրաբյանն է բացատրություն վերցրել փաստաբանից և համարում է, որ վարույթ հարուցելու հիմքեր չկան:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմեն. Դատախազությունը խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքները’
Հաջորդ հոդվածը‘Եվրահանձնաժողովի նոր նախագահ կարող է դառնալ Ժան-Կլոդ Յունկերը’