‘Փաստաբան. Ազգային գրադարանի «ատկատների» գործով մեղադրանքը շինծու է (տեսանյութ)’

1843

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Ազգային գրադարանի «ատկատների» գործով դատաքննությունը:

Հիշեցնենք, որ գործով նախկին դատավոր Մխիթար Պապոյանը նշանակվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. այդ պատճառով «Գոռ Քամալյանի եւ մյուսների» գործը հանձնվեց Մեսրոպ Մակյանի դատին:

Այսօրվա դատական նիստին որոշվեց գործի քննությունը շարունակել ընդհատված կետից: Հիմնական պատճառ էր հանդիսանում արդեն իսկ 8 ամիս տեւած դատաքննությունը՝ ելնելով ողջամտության սկզբունքից: Նշենք, որ դատաքննության այս փուլում ակնկալվում է քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի դատակոչումը որպես վկա:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 18-ին՝ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով:

Հիշեցնենք, որ Ազգային գրադարանի վերանորոգման աշխատանքների կատարման ժամանակ տեղ գտած չարաշահումների վերաբերյալ քրեական գործը հարուցվեց Կառավարությունում 2012-ի սեպտեմբերի 15-ին Սերժ Սարգսյանի անցկացրած հայտնի խորհրդակցությունից հետո, երբ Սարգսյանը հորդորեց «ատկատների» գործերը քննելու ժամանակ «գլխից մեծերին բռնել»: Մի շարք վերլուծաբաններ Սարգսյանի այս հայտարարությունը նախընտրական շոու համարեցին` 2013-ի նախագահական ընտրություններից առաջ քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու եւ կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք ստեղծելու նպատակով: Ըստ էության, Ազգային գրադարանի չարաշահումների գործով Սերժ Սարգսյանի ասած «գլուխը»` քավության նոխազը, քաղշիննախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Գոռ Քամալյանն է:

Գոռ Քամալյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը iLur.am-ի հետ զրույցում այսօր հայտնեց, որ իր պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչում, ավելին` նա ընդհանրապես տվյալ քրեական գործի հետ կապ չունի, իսկ մեղադրանքը առաջադրվել է որոշակի պատվերով:  

Փաստաբանի խոսքով,  որ Գոռ Քամալյանը օրենսդրությունը  չի խախտել, պաշտոնական դիրք չի չարաշահել, իսկ իրական մեղավորները` շինարարության տեխնիկական հսկիչը, հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը, ինչպես նաեւ քաղաքաշինության նախարարության այլ աշխատակիցներ, դատարանում չեն:

Քամալյանի փաստաբանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դեռ 2012-ից սեպտեմբերից իր պաշտպանյալ Քամալյանի կալանքի ժամկետն անընդհատ երկարացնում են` նրա մեղքը հաստատող լուրջ փաստեր ներկայացնելու, այն դեպքում երբ իրական մեղավորներն ազատութան մեջ են:

Ըստ մեղադրանքի, ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները համակարգող պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Քամալյանը շուրջ 3 տարի իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել:

Մասնավորապես, ըստ նախաքննության վարկածի, ծառայողական պարտականությունները չկատարելով, նա դրական եզրակացություններ է տվել 28.385.280 ՀՀ դրամի ծավալային հավելագրումներով կազմված կատարողական ակտերի՝ կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացրած հսկիչների կողմից իրենց աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարելու վերաբերյալ: Դրա հետևանքով «Հիդրոշինարար-5» ԲԲ ընկերության տնօրեն Հարություն Անդրեասյանի կողմից յուրացվել են պետբյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Նախորդ հոդվածը‘Չավի. 700 խաղ՝ Բարսայի մարզահագուստով’
Հաջորդ հոդվածը‘Աբրամովիչի ընկերուհուն մեղադրել են ռասիզմի մեջ’