‘Փաստաբան. Ավետիսյանների իրավահաջորդները ողբերգության հետաքննության արդյունքները չեն տեսնում’

987

Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները պահանջում են գործի շուտափույթ և արդյունավետ հետաքննություն: Այդ մասին այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանը: Նա նշել է, որ քննչական մարմինները որոշակի տեղեկատվություն են տրամադրում գործի ընթացքի վերաբերյալ, սակայն սպանված ընտանիքի հարազատները ցանկանում են ավելի շատ իմանալ և իրական արդյունքներ տեսնել: Փաստաբանը նշել է, որ ինչպես ինքը, այնպես էլ Ավետիսյանների իրավահաջորդներն ակնկալում են բոլոր փորձաքննությունների շուտափույթ անցկացում: Փաստաբանը նաև նշել է, որ Ավետիսյանների հարազատները պահանջում են Վալերի Պերմյակովին հանձնել հայկական կողմին:

Սարգսյանը նաև հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը, որ Ավետիսյանների իրավահաջորդները մտադիր են փոխել փաստաբանին: Ըստ որում, նա հավելել է, որ դեմ չէր լինի, եթե այլ փաստաբաններ միանային այդ գործին: Նա նշել է, որ եթե կան փաստաբաններ, ովքեր հասարակական հիմունքներով կհամաձայնեն իրավաբանական ծառայություններ մատուցել, թող դիմեն Ավետիսյանների հարազատներին:

Հունվարի 12-ի լուսաբացին հանցագործը Գյումրիում գնդակահարել էր Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, ողջ էր մնացել միայն վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը: Սակայն, չնայած բժիշկների ջանքերին, երեխայի կյանքը չհաջողվեց փրկել: Հանցագործությունը կատարելու համար մեղադրվում է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը: Փետրվարի 3-ին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը  ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազին, որի պատասխանը կրկին ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակեց միայն երեկ: Պատասխանում նշվում էր, որ հարցը քննարկվում է: 

Նախորդ հոդվածը‘Կլոպ. «Կեցցե՛նք մենք, թեև մեր ջանքերի դիմաց ոչինչ չստացանք»’
Հաջորդ հոդվածը‘2014 թ. դեկտեմբերին դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվել է 27%-ով’