‘Փաստաբան. Դատարանը պետք է իր նախաձեռնությամբ ազատ արձակեր Տիգրանին (տեսանյութ)’

1092

«Ոչ թե դատարանը պետք է սպասեր, որ մենք հանդես գայինք Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու միջնորդությամբ, այլ դատարանն ինքը պետք է հանդես գար միջնոդությամբ եւ այսօրվա դատական նիստի սկզբից հայտարարեր այդ մասին»,  լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների շահերի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Նրա խոսքով, այն, որ դատարանը պաշտպանական կողմին նման միջնորդությամբ հանդես գալու հնարավորություն չտվեց, բացահայտ կամայականություն էր դատարանի կողմից, եւ նույնիսկ այս պրոցեսի ընթացքում նման ակնհայտ աղաղակող կամայականություն դեռ չէր եղել:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, այսօր հնարավորություն չտվեց պաշտպանական կողմին հանդես գալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ եւ հետաձգեց նիստը մինչեւ հոկտեմբերի 9-ը:  

Մուշեղ Շուշանյանը նշեց, որ համաներման մասին Ազգային ժողովի կողմից ընդունված որոշումից հետո պարզ դարձավ, որ համաներումը տարածվում է Տիգրան Առաքելյանի վրա, եւ եթե դատարանը նույնիսկ անփոփոխ թողներ առաջին ատյանի վճիռը, պետք է կիրառեր համաներումը եւ դատարանի դահլիճից ազատ արձակեր Տիգրան Առաքելյանին:

«Այսինքն, այն հիմքերը, որոնք վկայակոչվում էին դատարանի կողմից Տիգրան Առաքելյանին անազատության մեջ պահելու համար, որ նա կարող է թաքնվել, խուսափել քրեական պատասխանատվությունից, այդ հիմքերը վերացել են, եւ իմաստ չունի նրան կալանքի տակ պահել», – նշեց փաստաբանը:

Նա շեշտեց, որ պաշտպանական կողմի նպատակը Կոնգրեսի երիտասարդների նկատմամբ արդարացնող վճիռ կայացնելն է, եւ հենց այդ է, որ դժվար կացության մեջ է գցել դատարանին:

«Մենք, իհարկե, կարող էինք գործընթացը արհեստականորեն արագացնել, այսօր նիստի սկզբում հայտարարել, որ մենք ոչ մի միջնորդություն չունենք, կիսատ-պռատ ճառ ասեինք, դատարանը հապճեպ վճիռ կայացներ, եւ Տիգրանն ազատ արձակվեր: Բայց մենք մեր դատավարական իրավունքներն ցանկանում ենք լիարժեքորեն օգտվել, ապացուցել, որ Տիգրան Առաքելյանը եւ մյուս տղաները ոստիկանության կողմից կամայականությունների զոհ են եւ ոչ թե հանցագործ: Անկախ դատարանի նման խայտառակ վարքագծից, մենք օգտվելու ենք մեր իրավունքներից»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հաջորդ դատական նիստի ընթացքում պնդելու է Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու միջնորդությունը:

Նախորդ հոդվածը‘«Ռեժիմի պատկերացմամբ՝ մենք պետք է հալված ու շոյված հրաժարվեինք բոլոր տեսակի միջնորդություններից»’
Հաջորդ հոդվածը‘ԳԴՀ նախկին դեսպան Շմիդտը ԼՂՀ-ում է ‘