‘Փաստաբան. Ես փոփոխություն արդեն չեմ ակնկալում’

934

Ինչպես պալատի փաստաբանները, այնպես և ես հաճախ ենք հանդիպում Սերժ Սարգսյանի նշած խնդիրներին: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի խորհրդի նախագահ Ռուբեն Սահակյանը՝ մեկնաբանելով երեկ դատախազությունում Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունը:

«Միանշանակ, կիսում եմ Սերժ Սարգսյանի նշած մտահոգությունները, սակայն տեսնում եմ, որ վերջին ժամանակներս բավականին աշխատանք է կատարվում դատաիրավական բարեփոխումների առումով», — ասաց Սահակյանը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ iLur.am-ին ասաց, որ որևէ երևույթի մասին կարծիք հայտնում է հետևանքները տեսնելուց հետո, ու զերծ մնաց մեկնաբանություններից: Այնուամենայնիվ, պատասխանելով մեր այն հարցին, թե խորհրդակցությունից հետո դրական փոփոխություններ ակնկալո՞ւմ է, Վարոսյանը պատասխանեց.

«Հույսը, ինչպես ասում են, միշտ կա, բայց այս պահի դրությամբ ես փոփոխություն արդեն չեմ ակնկալում: Թող լինեն այդ փոփոխություններն, ու թող ես սխալվեմ: Այդ խնդիրներին անընդհատ էլ առնչվում ենք, բարձրաձայնում ենք, ցանկացած դատական պրոցեսի ընթացքում այդ խնդիրներն ի ցույց են դրվում»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ, մասնավորապես, նշել է դատախազների անփութության, ինչպես նաև նախաքննական պրակտիկայում բացթողումների մասին:

 

Նախորդ հոդվածը‘Օբամայի նախընտրական շտաբն ընդունել է «բեն Լադենի» նվիրատվությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի աշակերտուհին փորձել է վաճառել իր փոքր եղբորը ‘