‘Փաստաբան. Երիտասարդ գործարարին օրենսդրության խախտումներով 16 ամիս կալանքի տակ են պահում ‘

1230

Վանաձորցի երիտասարդ գործարար Արեն Ծերունյանը 2012-ի հունիսից ի վեր գտնվում է կալանքի տակ՝ խարդախությամբ ուրիշի գույքը զգալի չափերով հափշտակելու մեղադրանքով։ Ծերունյանի պաշտպան Գարիկ Պապոյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալի դեմ քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր չկան, քանի որ խնդիրը գտնվում է քաղաքացիա-իրավական հարթության մեջ։ Ընդ որում, փաստաբանը նախաքննության ընթացքում բազմաթիվ քրեա-դատավարական նորմերի խախտումներ է արձանագրել։  

Արեն Ծերունյանն իրեն պատկանող «Ինտերգեմ Տեխնոլոգիա ՍՊԸ»-ի միջոցով 2011-ի աշնանը սկսել է ապահովագրական ընկերությունների հետ ապահովագրական կտրոնների ձեռքբերման եւ իրացման միջոցով միջնորդական գործունեություն ծավալել։ Այդ ընթացքում նա մի քանի ապահովագրական ընկերությունների նկատմամբ պարտքեր է կուտակել, ինչի հետեւանքով, մասնավորապես, «Ինգո Արմենիա» ընկերությունը դիմել է դատարան՝ 10 միլիոն դրամի գումարի եւ շուրջ 2700 ապահովագրական կտրոնների վերադարձման պահանջով։ Ծերունյանը մինչեւ դատարանի որոշումը պարբերաբար գումարները է վերադարձրել ընկերությանը: Հետեւելով «Ինգոյի» օրինակին «Ռեսո Արմենիա» ապահովագրական ընկերությունը նույնպես 26 մլն-ի պահանջ է ներկայացրել, որը, ինչպեսեւ նախորդը, բավարարվել է:

Ծերունյանն հիմնականում ընդունել է պարտքը եւ առաջարկել իր գլխավորած ՍՊԸ-ին պատկանող թանկարժեք գույքը, ինչպես նաեւ իր մերձավորներին պատկանող արժեքավոր գույքը փոխանցել հայցվորներին՝ որպես պարտքի մարում: «Ինգո-Արմենիա»-ն մերժել է այս առաջարկը եւ փաստորեն բավարարվել է միայն «Ռեսոյի» հայցը:

Այնուհետեւ «Ինգո»-ն դիմել է դատախազությւոն` պահանջելով քրեական գործ հարուցել Ծերունյանի նկատմամբ խարդախության հատկանիշներով: Քննչական մարմինը նախ մերժել է գործի հարուցումը` վկայակոչելով դատական նախադեպը, համաձյան որի երկու իրավաբանական անձնց միջեւ կնքված պայմանագրա-իրավական հարաբերություններից բխող գործառույթները չեն կարող դիտարկվել քրեական իրավունքի տիրույթում: Սակայն Երեւանի դատախազությունը վերացրել է քննչական մարմնի որոշումը եւ քրեական գործ է հարուցել: Փաստաբան Պիպոյանը չի բացառում, որ իր պաշտպանյալի դեմ քրեական հետապնդում հարուցելու հարցում տուժողի կարգավիճակով հանդես եկող ընկերությունը օգտագործել է իր անձնական կապերը:

Տեսնելով, որ չի կարողանում վճարել իրեն պարտավորեցված գումարը, մինչ այդ վկայի կարգավիճակով գործում ներառված Ծերունյանը մեկնել է Մոսկվա` աշխատելու եւ գումար հայթայթելու նպատակով, ընդ որում, իր մեկնման մասին տեղեկացրել է պատկան հաստատություններին։ Այնուամենայնիվ, շուտով նախաքննական մարմինը նրա հանդեպ մեղադրանք է առաջադրել եւ հետախուզման մեջ գտնվող Ծերունյանը 2012-ի հունիսին ձերբակալվում է ՌԴ իրավապահ մարմինների կողմից։ 10 ամիս Մոսկվայի մեկուսարանում պահվելուց հետո նրան արտահանձննել են Հայաստան:

Պաշտպանը նշեց, որ այս ընթացքում բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել քրեական գործի վարույթը կարճելու կամ գոնե խափանման միջոց կալանքը փոխելու հայցով` հաշվի առնելով, որ Ծերունյանը չի հրաժարվում իրավապահ մարմինների հետ համագործակցությունից, բացի դրանից` անչափահաս երեխայի եւ տարեց հարազատների խնամակալն է: Սակայն բոլոր միջնորդություններ մերժվել են, փաստաբանի խոսքով` առանց որեւէ հիմնավորման: Ընդ որում, Պապոյանի խոսքով, Ծերունյանին,համաձայն օրենսդրության, 12 ամսվանից ավել կալանքի մեջ պահելու իրավասություն իրավապահ մարմինները չունեն:

Արեն Ծերունյանը օրերս, կալանքըի սանկցիան հերթական անգամ հետաձգելուց հետո կալանավայրում դիմել է ծայրահեղ քայլի` հացադուլ է հայտարարել: Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ կլանավորը մեկ օր անց դադարեցրել է հացադուլը։  

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նախորդ հոդվածը‘Նեյմար. «Ուզում եմ խփել Չեմպիոնների լիգայի եզրափակչի վճռորոշ գոլը»’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ նախկին նախագահ. Բանկային համակարգի շահույթի անկումը կշարունակվի նաև 2015 թվականին’