‘Փաստաբան. Համաներումը չի խանգարի Տիգրան Առաքելյանին՝ հասնել արդարության’

987

Տիգրան Առաքելյանի նկատմամբ համաներումը կկիրառվի՝ անկախ նրա ցանկությունից, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կոնգրեսի չորս ակտիվիստների փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

«Համաներումը՝ անկախ նրա ցանկությունից՝ կկիրառվի, բայց Տիգրան Առաքելյանը այդ հայտարարությամբ եւս մեկ անգամ նշեց, որ՝ անկախ համաներումից՝ պայքարելու է հանուն արդարացման վճռի», — նշեց նա:

Շուշանյանը ընդգծեց նաեւ, որ համաներման կիրառումը չի սահմանափակի Վերաքննիչ դատարանի վճիռը բողոքարկելու՝ պաշտպանական կողմի իրավունքը:

«Մենք դեռեւս Վճռաբեկ դատարան բողոք բերելու հնարավորություն ունենք, եթե Վերաքննիչը արդարացման որոշում չկայացնի, մենք կբողոքարկենք այդ վճիռը», — ասաց նա:

Շուշանյանը հայտարարեց նաեւ, որ դատարանի այսօրվա որոշումը՝ չքննել Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու միջնորդությունը, ակնհայտ կամայականություն էր, քանի որ դատարանի կողմից նախկինում բերված փաստարկները, որով հիմնավորվում էր նրան անազատության մեջ պահելը, այլեւս չեն գործում:

Փաստաբանը նշեց, որ պաշտպանական ճառին պատրաստվելու համար դատարանի սահմանած  երկօրյա ժամկետը չափազանց քիչ ժամկետ է: Նրա խոսքով, դատարանը սրանով էլ է փորձում ճնշում գործադրել պաշտպանական կողմի վրա:

«Դատարանը մեզ դնում է ընտրության առաջ. կամ երկու օր անց կգաք ճառը կասեք, կամ Տիգրան Առաքելյանը կշարունակվի պահվել անազատության մեջ»,-ասաց Շուշանյանը:

Պաշտպանական կողմը տեղեկացրեց նաեւ, որ հետագայում դիմելու է դատարանին՝ տուժող ոստիկան Շահեն Հարությունյանին ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվության ենթարկել: 

Նախորդ հոդվածը‘ Զուրաբյան. Սահմանադրական բարեփոխումների նպատակը Ս.Սարգսյանի ցմահ իշխանության ապահովումն է’
Հաջորդ հոդվածը‘Եվրախորհրդարանը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի դյուրացմանը’