‘Փաստաբան. Պետությունը փորձում է մեր հաշվին կատարել իր ստանձնած պարտավորությունները’

1864

Փաստաբանները թույլ չեն տա պետությանը` մտնելու իրենց գրպանները: iLur.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանը` մեկնաբանելով փաստաբանների վրա տարեկան 60 հազար դրամ տուրք սահմանելու` կառավարության մտադրությունը:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել «Փաստաբանության մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Համաձայն դրա՝ փաստաբանները պարտավորվում են ամսական 5 հազար դրամ տուրք վճարել` փաստաբանների պետական գրանցամատյանում հաշվառվելու եւ հանրային պաշտպանի գրասենյակի սպասարկման համար:

Երվանդ Վարոսյանի խոսքով, օրինագծի հիմնավորումն ինքնին ապացուցում է, որ այն հակաօրինական է: «Հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերը պետությունն ինքն իր վրա է վերցրել` նպատակ ունենալով անվճար փաստաբանական ծառայություն տրամադրել անապահով քաղաքացիներին: Անթույլատրելի է` պետության վերցրած պարտավորությունները կատարել փաստաբանների հաշվին», — նշեց Վարոսյանը:

Նրա խոսքով՝ հավանաբար Հանրային պաշտպանի գրասենյակը պետբյուջեից ֆինանսավորելու դեպքում որոշ մարդիկ «կողմնակի եկամուտներ» չեն կարողանալու ստանալ, այդ պատճառով որոշել են այդ գործը թողնել փաստաբանների ուսերին:

Ինչ վերաբերում է տուրքի միջոցով փաստաբանների գրանցամատյանը վարելու պատճառաբանությանը, ապա, ըստ Երվանդ Վարոսյանի, այն ընդհանրապես ծիծաղելի է, «քանի որ փաստաբանների պալատն առանց այդ էլ անվճար ռեեստր է վարում, եւ ցանկացած քաղաքացի կարող է փաստաբանների վերաբերյալ տեղեկատվություն գտնել դրանում»:

«Պետությունը այս քայլով փորձում է ընդամենը լրացուցիչ բեռ դնել փաստաբանների վրա` սահմանափակելով մեր ինքնուրույնությունը, ինչը մենք թույլ չենք տալու: Չկա մեկը, որ համաձայն լինի այս փոփոխությանը ոչ թե նրա համար, որ այն հարվածում է մեր գրպանին, այլ որովհետեւ այն անարդարացի է եւ հակաօրինական», — նշեց փաստաբանը: Նա նկատեց նաեւ, որ փաստաբանները արդեն իսկ տարեկան 60 հազար դրամ անդամավճար են մուծում Փաստաբանների պալատին, ինչպես նաեւ` պարբերաբար «կլորիկ գումար կազմող» հարկեր են վճարում:

Փաստաբանը հավելեց, որ եթե կառավարությունը հավանություն տա օրինագծին եւ այն ընդունվի խորհրդարանում, փաստաբանները պարզապես կհրաժարվեն վճարել տուրքը: 

Նախորդ հոդվածը‘ Լուկաշենկո. Եվրասիական և Եվրոպական միությունները կարող են հավասարամեծ գործընկերներ դառնալ ‘
Հաջորդ հոդվածը‘FaceԼուր. Արթուր Բաղդասարյանը դեռ Սովետի ժամանակներից վոլեյբոլի հարուստ դպրոց է անցել’