‘Փաստաբան. Սաֆարովի արտահանձնումից երկու ամիս է անցել, սակայն կոնկրետ գործողություններ չկան’

807

Բուդապեշտի դատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը ներկայացրած փաստաբան Նազելի Վարդանյանը iLur.am-ի հետ զրույցում ասաց, թե չգիտի՝ Արդարադատության նախարարությունում ինչ աշխատանքային խումբ է ստեղծվել, ու թե նրանք ինչով են զբաղված: 

Նշենք, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել էր, որ ամբողջ թափով ընթանում են ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման, նրա կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների եւ գործով տուժող ճանաչված Հայկ Մակուչյանի իրավունքների պաշտպանության հարցերով միջազգային դատական ատյաններ դիմելու աշխատանքները, ստեղծված է համապատասխան աշխատանքային խումբ, աշխատանքներ են տարվում տարբեր ուղղություններով:

Նազելի Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սաֆարովի արտահանձնումից արդեն երկու ամիս է անցել, սակայն այս պահի դրությամբ կոնկրետ գործողություններ չեն արվել: 

«Պետք է արագ արվի, քանի դեռ այդ հարցը միջազգային հանրության հետաքրքրության առարկա է, որովհետև հետո ժամանակի ընթացքում մոռացվելու է, ու ավելի դժվար կլինի: Մենք ունենք տարբեր միջազգային և հունգարական դատական ատյաններ դիմելու հնարավորություն: Ամեն մեկի տարբերակը պետք է քննարկվեր ու որոշվեր՝ ինչ գործողություններ պետք է արվեն, փաստաթղթեր հավաքվեին, հայցադիմումներ պատրաստվեին: Չգիտեմ՝ արվում է, չի արվում, բայց եթե արված լիներ, կասվեր, որ հայցադիմում են ներկայացրել»,- նշեց Վարդանյանը: 

Նազելի Վարդանյանի խոսքով՝ ինքն Արդարադատության նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկվելու առաջարկ չի ստացել:

Նախորդ հոդվածը‘Մարգարիտ Եսայան. Տիգրան Առաքելյանն առանձնապես ցանկություն չուներ ինձ տեսնելու ‘
Հաջորդ հոդվածը‘Մեծիկյանին թողած՝ Մանրիկյանին են ազատում ‘