‘Փաստը մնում է փաստ. Սուրբ Սարգիսն օգնում է երիտասարդներին’

849

Հայ Առաքելական եկեղեցին տոնում էր երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը, իսկ կաթողիկոսի տնօրինությամբ այս օրը հռչակվել է նաև որպե երիտասարդների օրհնության օր: Այսօր Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցին մարդաշատ էր. Շատերը չէին կարողանում անգամ ներս մտնել եկեղեցի և լսում էին պատարագը դրսում տեղադրված բարձրախոսների միջոցով:

Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը, ըստ ավանդույթի, երիտասարդներն աղի բլիթ են ուտում, դրա հետ կապում են իրենց հարսնացուի կամ փեսացուի երազհայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորույթներից է նաև փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Արագահաս սուրբը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի տեղով, և ում մատուցարանի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքները:

Տոնական պատարագին մասնակցող ենթասպա Վաչեն չի հավատում, որ աղաբլիթ ուտելով հարսնացու կգտնի: Նա չնայած լսել է դեպքեր, երբ աղաբլիթ ուտողը երազում տեսել է իր ապագա ընտրյալին ու այդ տարի ամուսնացել նրա հետ, սակայն համոզված է, որ դա ընդամենը բարի սովորույթ է, իսկ Սուրբ Սարգսի բարեգթությանը կարելի է արժանանալ միայն Աստծուն ուղղված աղոթքներով:

19-ամյա Նաիրայի  քույրիկը տարիներ առաջ կերել էր աղաբլիթ, երազում «ընտրյալին» չէր տեսել, սակայն առավոտյան նկատել էր, որ սկուտեղի մեջ դրված ալյուրի վրա հետքեր կան: Չնայած աղջիկը մեզ ետ զրույցում անկեղծացավ, որ իրենց կատուն էլ էր անցել սկուտեղի վրայով, բայց` «փաստը մնում է փաստ, այդ տարի քույրիկս ամուսնացավ»:

Նաիրայի ընկերուհին էլ պատմեց, որ ինքը հավատում է աղաբլիթի ավանդույթին և նունիսկ անցած գիշեր կերել է աղաբլիթ ու տեսել իր համակուրսեցիներից մեկին:

«Պարզ է` այդ տղային չեմ ասել, որ իրեն եմ տեսել, բայց հավատում եմ նախախնամությանը»,- ավելացրեց երիտասարդ աղջիկը:

Վեց ամիս առաջ Սիրիայից Հայաստան տեղափոխված Վիգենն էլ պատմեց, որ սիրիահայության շրջանում աղաբլիթ ուտելու սովորությունն ընդունված չէ: Սիրիահայերի մոտ, ըստ նրա, ընդունված է, որ տոնի  նախօրեին չամուսնացած երիտասարդներն իրենց անկողնու կողքին ափսեով ալյուր և մի բաժակ  ջուր են դնում: Առավոտյան, եթե ալյուրի վրա լինեն Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքը, ուրեմն այդ տարի նրան բախտ է վիճակված ամուսնանալ:

 

Նախորդ հոդվածը‘Պորտ-Սաիդի ողբերգության գործով 21 մեղադրյալներ մահապատժի են դատապարտվել’
Հաջորդ հոդվածը‘Յուլյա Տիմոշենկոյի գործով նոր վկաների ցուցմունքներ կան’