‘Փաստորեն՝ Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձը չի ձախողվել’

1602

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը կիրակի օրը դիմել է Սահմանադրական դատարան, իսկ երկուշաբթի օրը՝ ետ վերցրել դիմումը: Նրա փաստաբանը հայտարարել է, թե երկու դեպքում էլ թեկնածուն օգտվել է իր իրավունքից, և նրա գործողություններն իրավաչափ են:

«ՉԻ» — Պարույր Հայրիկյանի գործողություններն, իհարկե, իրավաչափ են. նա ոչ մի օրենք չի խախտել: Ավելին՝ նրա գործողություններն իրավաչափ կլինեին նաև այն դեպքում, եթե նա տասնհինգ րոպեն մեկ տեսախցիկների առջև գլուխկոնծի տար, ցատկոտեր ձախ ոտքի վրա և քիթը քչփորելով՝ երգեր «սեռինկի-սինի պլատոչեկ» (դասական ուղղագրությամբ): Այդ գործողությունները նույնպես օրենքով արգելված չեն:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս ամենը վկայում է, որ ՀՀ ոստիկանությունն ակնհայտորեն շտապել է՝ հայտարարելով, թե Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձը ձախողվել է: Փաստորեն՝ չի ձախողվել, որովհետև ՀՀ քաղաքացի Պարույր Հայրիկյանը ֆիզիկապես ողջ է մնացել, բայց նույնը, ցավոք, չի կարելի ասել քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի մասին: Չնայած՝ շատերը պնդում են, թե այդպիսի քաղաքական գործիչ չի էլ եղել:

Նախորդ հոդվածը‘Տոկոս խփեմ դոլարով, կամ դասական թվաբանությունը Հայաստանի տարածքում այլևս չի գործում’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիան պաշտոնական բողոք է հղել ԿԺԴՀ-ում միջուկային փորձարկման կապակցությամբ’