‘Փաստորեն, Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր’

4454

Բերձորի խայտառակ միջադեպին քաղաքական որոշ ուժեր այդպես էլ որևէ գնահատկան չտվեցին, դատապարտող հայտարությամբ հանդես չեկան: Հայաստանի խորհրդարանական ուժերից միայն ՀԱԿ-ն ու Ժառանգությունը հանդես եկան միջադեպի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններով: 

Այս իմաստով միանգամայն անհասկանալի է ՀՅԴ հայաստանյան և ԼՂՀ կառույցների կրավորական կեցվածքը.  ՀՅԴ-ն այդպես էլ պաշտոնապես չարձանքեց կատարված միջադեպին: ՀՅԴ պաշտոնական տեսակետը հրապարակային հարթակներում փորձեցին ներկայացնել կուսակցության լիդերները՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, իսկ ավելի ուշ հեռուստաելույթով հանդես եկավ ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Աղաբեկյանը: Դաշնակցական ընկերների մոտեցումը հիմնականում նույնն էր՝ որքան  կատարված բռնությունը  դատապարտելի , նույնքան անթույլատրելի է Ժիրայր Սեֆիլյանի և «Հիմնադիր խորհրդարան»-ի կողմից Ցեղասպանության 100-ամյակը քաղաքական գործունեության հետ կապելու փորձը և դեպի Արցախ կազմակերպված ավտոերթը. «Ճիշտը կլիներ այն, ինչպես դա վայել է անկախ պետությանը. կանգնեցնեին սահմանի վրա, ասեին, որ մենք ձեզ թույլ չենք տալիս մտնել Ղարաբաղ, որովհետև դուք նպատակ ունեք քաղաքական գործունեություն իրականացնել առանց մեր համաձայնությունը ունենալու։ Ցանկացած նորմալ անկախ պետություն այդպես կվարվեր», – միջադեպի առնչությամբ հայտարարեց Արմեն Ռուստամյանը: Աղվան Վարդանյանն էլ վտանգավոր համարեց, որ դրսի որոշ ուժեր կփորձեն այս անընդունելի միջադեպը օգտագործել մեր ներքին պառակտման, կամ Ղարաբաղի ու Հայաստանի միջև սեպ խրելու նպատակով:

Արթուր Աղաբեկյանը բացելով փակագծերը` հայտարարեց, որ  նախքան Սեֆիլյանն իր ավտոերթով կհասներ Արցախ, նրա հետ անձամբ հանդիպել եւ Արցախ ավտոերթով գնալուց հրաժարվելու կոչ են արել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, եւ ոչ միայն նրանք, այլ նաեւ Սեֆիլյանի մարտական շատ ընկերներ, բայց Սեֆիլյանը չի լսել. «Նախագահն ընդունեց Ժիրայրին և երկու ընկերոջը, երկար զրույց եղավ, բացատրեց այդ ակցիայի անթույլատրելիությունը, բացատրեց, որ մեր առջև այժմ լուրջ մարտահրավեր է ծառացած, ներկայացրեց առաջնագծում վիճակը: … Ասաց` Ժիրո’, ես չեմ կարող թույլ տալ, Արցախը նման ճոխություն իրեն չի կարող թույլ տալ՝ խառնվել ՀՀ ներքաղաքական զարգացումներին»,- հայտնել է Ա. Աղաբեկյանը՝ ավելացնելով, որ   ամեն ինչ կտար, որ նախախորհրդարանի տարածած հաղորդագրություն-տեսագրությունը  չհրապարկվեր: Նա նաև ասել է, որ  Արցախի ազատագրման համար պայքարած մարդը չէր կարող  այդպիսի տեսագրություն տարածել:

Փաստորեն, ստացվում է, որ Արցախի ազատագրման համար պայքարած մարդուն ծեծել կարելի էր, բայց հրապարակել չէր կարելի: Ստացվում է նաև, որ դաշնակցական ընկերները պատարազմի մեջ գտնվող երկրում քաղաքական ակցիաների իրագործմանը դեմ են, քանի որ առաջնագծի և որոշ այլ համահայկական վեհ գաղափարների խնդիրներ  բարձր են դասում քաղաքական պայքարից:

Հավանաբար,  Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին ճիշտ էր, երբ  որոշեց Հայաստանում կասեցնել  ՀՅԴ գործունեությունը, քանի որ  այն ժամանակ  նոր-նոր անկախացած Հայաստանը պատերազմի մեջ էր գտնվում, իսկ դաշնակցականները Երևանում միտնիգ էին անում՝ պառակտելով հասարակությունը, էլ չենք խոսում տեռորիստական ինչ-որ խմբավորումների հետ  ՀՅԴ-ի կապեր ունենալու, ըստ որոշ տեղեկությունների, իրեղեն ապացույցների փաստի մասին:  Հետևաբար,  ՀՅԴ լիդերները, որ տևական ժամանակ պայքարում էին ՀՀՇ-ի ռեժիմի դեմ, պարտավոր են կամ ներողություն խնդրել Լեւոն Տեր-Պետրոսյանից՝ նորաստեղծ հանրապետությունը արկածախնդրության տանելու փորձի համար, կամ էլ բացատրել, թե ինչո՞ւ  որոշ բաներ Ժիրայր Սեֆիլյանին չի կարելի, իսկ իրենց ժամանակին կարելի էր:

Դավիթ Մանուկյան

Hayeli.am

Մասնակի կրճատումներով

Հ.Գ. iLur.am-ը չի կիսում հեղինակի արտահայտած որոշ մտքեր, մասնավորապես նրա՝ ՀՀՇ իշխանության «ռեժիմ» որակումը:

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Խնդիրների լուծման ճանապարհը մեկն է՝ իշխանափոխությունը’
Հաջորդ հոդվածը‘Բնապահպան. Մի շարք գետեր գտնվում են փոքր ՀԷԿ-երի ճնշման ներքո’