‘Փարիզում կայացավ Ռումինիայի ֆինանսների նախարար Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի ֆրանսերեն թարգմանության շնորհանդեսը ‘

3362

Երեկ երեկոյան, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն հրավերով Փարիզի Ալեք Մանուկյան կենտրոնում տեղի ունեցավ Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի ֆինանսների նախարար Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի ֆրանսերեն թարգմանության շնորհանդեսը: Վերջինս Փարիզում է` գրքի փառատոնին (Salon du Livre) մասնակցելու համար, որտեղ այս տարի պատվավոր հյուր է Ռումինիայի ներկայացուցչությունը:

«Շշուկների մատյան» վեպը հրատարակվել է 2009 թվականին և ճանաչվել Ռումինիայի տարվա լավագույն գրական ստեղծագործությունը, ինչպես նաև արժանացել Ռումինական Ակադեմիայի գրական գլխավոր մրցանակին: 
Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը ռումիներենից թարգմանվել է հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն և այլ լեզուներով: Ավելին, այս տարի Ռումինիայի, Հայաստանի, և որ ամենահետաքրքիրն է` Իսրայելի գրողների միության կողմից այն ներկայացվել է Նոբելյան մրցանակի: Մաթեմատիկոս, քաղաքական գործիչ, գրող, բարեգործ Վարուժան Ոսկանյանը լիարժեք տիրապետում է հայերենին, ռումիներենին, ֆրանսերենին և գերմաներենին: Սակայն, ինչպես ինքն է ասում, երբ իրեն հարցնում են, թե ո՞րն է ի վերջո իր մայրենի լեզուն, պատասխանում է` մայրենի լեզուն, դա այն լեզուն է, որով խոսելիս դու պատասխանի չես սպասում. այդ լեզվով դու կարող ես խոսել նույնիսկ թռչունների հետ :

Ցեղասպանությանը նվիրված այս վեպում հեղինակը պատմում է հիմնականում այն հուշերը, որ լսել է իր Կարապետ պապից:
«Ես ծեր եմ, իսկ դու երեխա ես, բայց նայիր, արյունը նույնքան կենդանի է քեզ մոտ, ինչպես ինձ մոտ: Դա է սերը կյանքի»,-մեջբերում է գրողը ցեղասպանությունից մազապուրծ եղած պապի խոսքերից:
Իր ընտանիքի պատմությանը գեղարվեստական շունչ տալով` հեղինակը գրքի գլխավոր հերոս է դարձնում փոքրիկ տղայի, ով ուշի ուշով լսում է իր հարազատների և հարևանների`ցեղասպանությունից առաջ և հետո անցած ճանապարհի մասին պատմությունները: 
Գրողի խոսքով թուրքերը պարտավոր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և միայն այդ դեպքում մենք ` հայերս, պարտավոր կլինենք ներել նրանց :
« Երբ մենք շշուկով ենք խոսում, այդ ժամանակ է, որ անկեղծ ենք»,- նշում է հեղինակը: Շշուկով խոսելը հավանաբար ենթադրում է նաև վախը, զգուշավորությունը, որ կարող էին ունենալ հայերը ` իրենց ապրածը, տեսածն ու լսածը պատմելիս : Հեղինակը կարծում է, որ մշակույթը պետք է օգտագործել, կլինի դա ֆիլմ, թե գիրք` Հայոց ցեղասպանության մասին աշխարհին պատմելու և ճանաչմանը հասնելու համար:
Գիրքը, թե գեղարվետսական, թե պատմական առումով, Ռումինական նոր գրականության, ինչպես նաև Հայաստանի պատմության մեջ եզակի ուշագրավ աշխատություն է: 
Հիշեցնենք, որ «Շշուկների մատյան» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի էր ունեցել 2012 թ.ի նոյեմբերի 20-ին` Երևանի պետական կամերային թատրոնում:

Ծովինար Բանուչյան

Փարիզ 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Մեր անհանդուրժող ընկերը էս անգամ ոչ Ժիգլովին է հիշում, ոչ էլ` Մարտի 1-ը ‘
Հաջորդ հոդվածը‘Արցախի փողոցում արջ են տեսել (Տեսանյութ)’