‘Փետրվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց «Տեառնընդառաջի» տոնը (ֆոտոշարք)’

1591

Փետրվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց «Տեառնընդառաջի» տոնը: Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը փետրվարի 13-ին նշում է Տեառնընդառաջի տոնը: Տոնը հայտնի է նաեւ մի շարք այլ բազմաթիվ անուններով՝ Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տարան տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։

Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ:Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկնեվ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Տրնդեզը հեթանոս հայերը նշել են` որպես երազների մեկնիչ, գիտության և դպրության աստված Տիրի, նաև արևի և ռազմի աստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է: Մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի: Ահա սա է այսօր վառվող խարույկի հիմնական խորհուրդը:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետ. Գերխնդիրը երկրի անվտանգությունն է’
Հաջորդ հոդվածը‘Fitch-ն անփոփոխ է թողել Հայաստանի վարկանիշը` «BB-» կայուն մակարդակում’