‘Փետրվարի 20. 1988-2008-2015. Հանդիպման վայրը փոխել չի կարելի’

5439

1988 թվականի փետրվարի 20:

Ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց, որն իր մեջ պարունակում էր դիմում՝ ուղղված Ադրբեջանի Գերագույն խորհրդին՝ նրա կազմից դուրս գալու մասին, Հայաստանի Գերագույն խորհրդին՝ նրա կազմի մեջ մտնելու մասին և ԽՍՀՄ ԳԽ՝ այդ դիմումը բավարարելու մասին, հիմնվելով իրավական նորմերի և ԽՍՀՄ-ում նմանատիպ վեճերի լուծման նախադեպերի վրա:  

1988թ. փետրվարի 20-ի նստաշրջանի որոշումը

«ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցով հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհուրդների առջեւ միջնորդության մասին» 

«Լսելով և քննարկելով ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև միջնորդության մասին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի պատգամավորների ելույթները, ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց. 
Ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի խոր ըմբռնման զգացում և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին հարցը, միաժամանակ ԽՍՀ Միության Գերագույն խորհրդի առաջ միջնորդել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցի դրական լուծման մասին»:

Ստեփանակերտում տեղի ունեցան բազմահազարանոց ցույցեր։ Ցուցարարները Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում իրենց զորակցությունն էին հայտնում ԼՂԻՄ 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանի պատգամավորներին:

Երևանում արդեն ծայր էին առել անընդմեջ հանրահավաքներ. մասնակիցների թիվը առանձին դեպքերում հասել է մոտ մեկ միլիոնի։ Ցուցարարները Երեւանում միաձայն ու միահամուռ վանկարկում էին «Ար՜ցախ, Ար՜ցախ…», «Մի՜ա՜ցում, Մի՜ա՜ցում…», իսկ Ստեփանակերտում՝ «Հայաստան, Հա՜յաս՜տան…», «Մի՜ա՜ցում, մի՜ա՜ցում…։

Ցույցերը Հայաստանում կազմակերպել և ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն, Ստեփանակերտում՝ «Կռունկ» կոմիտեն, «Միացում» հասարակական կազմակերպությունները։

Շարժում: Պատերազմ: Հաղթանակ: Ազատ Լեռնային Ղարաբաղ: Ազատագրված հայրենիք:

***

2008 թվականի փետրվարի 20: Ազատության հրապարակում մեկնարկեցին շուրջօրյա հանրահավաքները: Հարյուր հազարավոր ցուցարաները պահանջում էին նստացույց, դժգոհում էին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներից եւ վանկարկում էին «Լեւ-ո՜ն, նախագա՜հ, Լեւ-ո՜ն, նախագա՜հ»: Ու նորից՝ «Միացո՜ւմ, միացո՜ւմ»: Համաժողովրդական շարժման «Միացում» վանկարկումներին օրեցօր միանում էին նորանոր մարդիկ, քաղաքական գործիչներ:

Ռեժիմն ակնհայտորեն փլուզման եզրին էր եւ Համաժողովրդական շարժման թափը կոտրելու համար գնաց աննախադեպ սպանդի:Մարտի 1-ին իշխանությունները Երեւանի հենց սրտում գնդակահարեցին սեփական քաղաքացիներին: Առնվազն տաս զոհ: Հարյուրավոր վիրավորներ ու ձերբակալվածներ: Քաղաքական ու տնտեսական հալածանքներ ու հետապնդումներ: Ընդդիմության պառակտման փորձեր: Բայց իշխանությունները իրենց ցանկալի արդյունքին այդպես էլ չհասան: Պայքարը շարունակվեց: Ու դեռ շարունակվում է:

***

2015 թվական: Փետրվարի 20:

Նույն օրը, նույն վայրում: Կհանդիպենք: No pasaran!

 

 

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է’
Հաջորդ հոդվածը‘Նոր գնդակ` Չեմպիոնների լիգայի խաղերի համար (լուսանկար)’