‘ՓՄՁ աջակցության կետրոնի տնօրեն. Դրամի արժեզրկումը ավելի գրավիչ է դարձնում տեղական արտադրանքը ‘

2877

ՀՀ 2014թ. պետական բյուջեից հատկացվել է 151 միլիոն 983 հազար 700 դրամ, ամփոփիչ ասուլիսում այսօր հայտարարեց Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ  Պետրոսյանը:

Նրա խոսքով, գործընկեր միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավածության արդյունքում, ըստ  ոլորտի աջակցությանն ուղղված գումարները գրեթե եռապատկվել են, իսկ աջակցության ավելի քան 95 տոկոսն ուղղվել է մարզերի գործող եւ սկսնակ ՓՄՁ-ներին:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրենի հավաստմամբ բազմաթիվ կարեւոր միջոցառումներ են իրականացվել անցնող տարվա ընթացքում, մասնավորապես շուրջ 6 հազար սկսնակ եւ գործող ՓՄՁ սուբյեկտների տրամադրվել է աջակցություն՝ վարկային երաշխավորությունների, սկսնակ գործարարների ձեռներեցության, ոլորտային, գործարար տեղեկատվական, խորհրդատվական, ուսուցողական, տեղական տնտեսական զարգացման ուղղություններով: Վարկային երաշխավորությունների տրամադրման միջոցով ֆինանսական աջակցություն է ստացել 227 գործող եւ սկսնակ ՓՄՁ: Երաշխավորությունների տեսքով տրամադրված ընդհանուր գումարը՝ 908.5 մլն դրամ է:

Մինչեւ 10 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող եւ գյուղական համայնքներում գործող ՓՄՁ-ների կողմից նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման արժեքի փոխհատուցման նպատակով ՓՄՁ ԶԱԿ-ին հատկացվել է 150 մլն ՀՀ դրամ:

Լրագրողների այն ակնարկին, որ սկսնակ գործարարներից շատերը անհաջողություն են կրում ինչ-ինչ պատճառներով, Գեղամ Պետրոսյանը պատասխանեց, որ տնտեսվարողների անհաջողությունները կապված են զուտ կազմակերպական հարցերի հետ՝ հենց տնտեսվարողների կողմից, քանի որ, ըստ նրա ո′չ հարկային մարմինները, ո′չ այլ մարմիններ առաջին մեկ-երկու տարիների ընթացքում ընդհանրապես չեն խոչընդոտում տնտեսվարողների գործունեությանը:

«Ոմանք փակվում են, ոմանք բացվում են, ոմանք էլ պետք է հարմարվեն տնտեսության բնականոն զարգացման այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում», — ասաց նա:

Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ գյուղատնտեսության զարգացման նպատակով, 2014թ.-ին Հայաստանի ՓՄՁ  ԶԱԿ-ը ներկրել է 168 հատ նոր բելառուսական MT3 82.1 մակնիշի տրակտոր: 

Անդրադառնալով սիրիահայերի խնդրին, ՓՄՁ ԶԱԿ ղեկավարը նշեց, որ մոտ 30 սիրիահայ գործարար տարբեր չափերի վարկեր են ստացել եւ նրանցից շատերը նախընտրել են հանրային սնունդի ոլորտը, ինչի ապացույցը, Պետրոսյանի խոսքով, Երեւանի փողոցներում նկատելիորեն շատացած սիրիահայերին պատկանող սննդի օբյեկտներն են:

Խոսելով ոլորտի վրա դրամի փոխարժեքի տատանումների ազդեցության մասին՝ ՓՄՁ ԶԱԿ տնօրենը նշեց, որ ըստ ֆիննախի տվյալների, մոտավորապես 90 կազմակերպություն հայտ էին ներկայացրել իրենց գործունեությունը դադարեցնելու համար, սակայն դրանց ճնշող մեծամասնությունը, այնուամենայնիվ վերսկսել են իրենց աշխատանքը:

«Որեւէ ձեռնարկություն չի դադարեցրել  իր գործունեությունը, եթե դադարեցրել են, ապա՝ ժամանակավորապես՝ իրավիճակը հասկանալու համար», — հավաստիացրեց Պետրոսյանը:
 Ավելին, նրա խոսքով, դրամի արժեզրկման արդյունքում դրական միտումներ են նկատվել տեղական տնտեսվարողների գործունեության մեջ: Պատասխանելով iLur.am-ի հարցին՝ Գեղամ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ «դրամի արժեզրկումը ավելի գրավիչ է դարձնում տեղական արտադրանքը, քանի որ ներմուծվող արտադրանքը թանկանում է»:

Նախորդ հոդվածը‘«Հայփոստ»-ի բաժանմունքից գողացել են «Դելլ» մոնիտոր և 121.020 դրամ’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի առաջին տասնօրյակում’