‘Փնտրվում է ասոցացման համաձայնագրի տեքստ ‘

1759

Հայաստանով մեկ բոլորը ընկած ման են գալիս ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, սակայն գտնող չկա: Եթե այդ համաձայնագիրը այդքան շահավետ է Հայաստանի ու հայ ժողովրդի համար, ուրեմն, ինչի՞ համար են ՀՀ իշխանությունները գաղտնի պահում այն: Թե՞` մտածում են, որ այն այնքան լավ պայմանագիր է, որ հայ ժողովուրդը ուրախությանը չդիմանալով` կարող է մասսայաբար հոգեխանգարմունքի ենթարկվել:

Կատակը մի կողմ, սակայն եկեք իրար հետ վերլուծենք, թե ինչի համար և ումից է այդ պայմանագիրը գաղտնի պահվում: Սկսենք պարզել` ումից: Պայմանագիրը հայտնի է արևմուտքին, քանի որ նա է այն կազմել, հայտնի է ՀՀ իշխանություններին, քանի որ նրանք են համաձայնություն տվել, հայտնի է նաև Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը բացի նրանից, որ ՀՀ բոլոր գերատեսչություններում ունի իր գործակալական ցանցը, նաեւ ՀՀ իշխանություններից ցանկացած պահի կարող է պահանջել այդ ասոցացման համաձայնագրի պատճեն և ցանկացած պահի ստանալ այն: Տրամաբանությունը հուշում է, որ համաձայնագիրը գաղտնի է պահվում հայ ժողովրդից ու եթե կրկին շարունակենք տրամաբանել, կստացվի, որ այդ պայմանագրում կան այնպիսի կետեր, որի բացահայտման դեպքում ՀՀ իշխանությունները վախենում են, որ ժողովուրդը կընդվզի: Հակառակ պարագայում իշխանությունները վաղուց էին բարձրաձայնել այդ փաստաթուղթը:

Հարց է առաջանում, ինչի՞ց կարող է ընդվզել հայ ժողովուրդը: Կա ընդվզման երկու պայման՝ սոցիալական և քաղաքական: Եթե ԵՄ-ն համաձայնագրի ստորագրման դիմաց խոստանում է Հայաստանին տրամադրել ահռելի ֆինանսական օգնություն, ուրեմն, մնում է միայն  քաղաքականը: Իսկ քաղաքականն էլ կարող է վերաբերվել միայն Արցախի հիմնախնդրին:

Հարց կառաջանա, թե ի՞նչ տարբերություն` հիմա՞ բացահայտեն պայմանագրի կետերը, թե՞  մի քանի ամիս հետո, միևնույն է` այն պետք է հրապարակվի: Հենց այստեղ էլ թաքնված է բուն գաղտնիքը. ՀՀ իշխանությունները հույս ունեն, որ ձմռանը հրապարակելու դեպքում ժողովուրդը այն քանակով դուրս չի գա փողոց, ինչ` տարվա մյուս եղանակներին, իսկ ԵՄ-ից ստացված օգնությունն էլ, հնարավորություն կտա մինչև գարուն ժողովրդի կենսամակարդակը մի փոքր բարձրացնել և իբր մոռացության մատնել Արցախի հարցում սպասվող որոշակի զիջումները:

Եթե կան այլ տարբերակներ, կարելի է նաև դրանք քննարկել:

Առաքել Սեմիրջյան 

Նախորդ հոդվածը‘Այլասերված որեւէ ոստիկանի պաշտոնավարումը անթույլատրելի է. Օմբուդսմենի խորհրդական’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում վթարի հետեւանքով տուժել է երկու հայ’