‘Փոթորիկ անապատում. «Լոուրենս Արաբիացի» ֆիլմը 50 տարեկան է (Ֆոտոշարք)’

3262

«Պատկերացրեք, որ դուք հարուստ եք: Եւ ահա, ձեզ մոտ է գալիս մի մարդ եւ առաջարկում ստեղծել 4 սերիանոց մի ֆիլմ` առանց որեւէ մի աստղի, առանց որեւէ մի կնոջ մասնակցության, առանց սիրային պատմության եւ գրեթե առանց էքշըն տեսարանների: Եւ նկարահանումը պետք է իրականացվի անապատում: Ի՞նչ կասեք դուք»,- այսպես էր պատմում Օմար Շարիֆը «Լոուրենս Արաբիացու» մտահղացման մասին` պատկերավոր կերպով ներկայացնելով ֆիլմի ողջ անհավանականությունը: Չնայած, պրոդյուսերական ֆիլմի դարաշրջանում այդ պատմությունը մի փոքր այլ կերպ էր նայվում, քան մենք այսօր կարող ենք պատկերացնել Շարիֆի խոսքերից:

1935 թվականին տուն վերադառնալու ճանապարհին մոտոցիկլով վթարի ենթարկված բրիտանացի հետախույզ Թոմաս Էդվարդ Լոուրենսը դեռ կենդանության օրոք եղել է հոլիվուդյան բոսսերի ամենացանկալի հերոսներից մեկը: Մարդ առեղծվածը, լորդ Թոմաս Չեպմենի ապօրինի զավակը, ով Առաջին աշխարհամարտի տարիներին գլխավորել է թուրքերի դեմ արաբների ապստամբությունը, իր արկածները նկարագրել էր «Իմաստության յոթ սյուները» վերնագրով մեմուարներում, որի համառոտ տարբերակը, «Ապստամբություն անապատում» վերնագրով, դարձել էր համաշխարհային իսկական բեստսելլեր:  

\"\"

Նրա հաջողության գրավականը արեւելյան էկզոտիկայի խառնուրդն էր պատմողի բացառիկ անհատականության հետ, որի «մշուշոտ» մոտիվացիաները միայն առավել շատ հմայք էին հաղորդում գրքին: Այդուհանդերձ, Լոուրենսը որեւէ անգամ համաձայնություն չտվեց սեփական գրքի էկրանավորմանը, թեեւ նման առաջարկներ, նա, բնականաբար, բազմիցս էր ստացել:

\"\"

Ալեքսանդր Կորդան, օրինակ, դեռ 1940-ականներին պատրաստվում էր նկարահանել «Իմաստության յոթ սյուները»` անձամբ սեր Լոուրենս Օլիվյեի մասնակցությամբ, սակայն, դերասանի եւ պերսոնաժի նրբագեղ համադրությանը կանխորոշված չէր իրականությունդ դառնալ, այդ թվում եւ ֆինանսական պատճառներով: Եւ միայն 1960 թվականին դրամատուրգ Մայքլ Ուիլսոնը, դրանից քիչ առաջ համոզելով հերոսական հետախույզի եղբորը` Առնոլդ Լոուրենսին համաձայնություն տալ էկրանավորմանը, պրոդյուսեր Սեմ Սպիգելին ներկայացրեց ֆիլմի սցենարը:  

Սպիգելը առանց հապաղելու այն տվեց գաղափարապես անթերի ռեժիսոր Դեյվիդ Լինին, եւ աշխատանքը սկսվեց: Պետք է ասել, որ Լինը չուներ էպիկական կտավն առանց աստղերի նկարահանելու ամբիցիոզ պլան: Գլխավոր դերի համար նա հրավիրեց Ալբերտ Ֆիննիին եւ Մառլոն Բրանդոին: Երբ երկուսն էլ հրաժարվեցին, իր դերը խաղաց պատահականությունը. Լինը «Օրը, երբ թալանեցին անգլիական բանկը» ֆիլմում տեսավ թատրոնի երիտասարդ դերասան Փիթեր Օ’Թուլին, եւ միանգամից հասկացավ` «դա Լոուրենսն է»: Ռեժիսորն անհողդող էր, եւ չնայած պրոդյուսերի կասկածներին, բոլորին անհայտ իռլանդացուն հաստատեց գլխավոր դերում: Գրեթե նույն պատմությունն էլ կրկնվեց նաեւ Շարիֆի հետ: Բանն այն է, որ արաբ շերիֆ Ալիի դերում, Լինը, որքան էլ որ տարօրինակ է, սկզբում ընտրեց ոչ թե ֆրանսիացի արաբին, այլ` Ալեն Դելոնին: Սակայն, կամակոր Դելոնը հրաժարվեց խաղալ այդ դերը շագանակագույն լինզաներով: Ավելորդ չի լինի նաեւ նշել, որ մեծ էկրանին այդ ֆիլմով իրենց դեբյուտը սկսած այդ դերասանները ընկերներ են մինչ օրս:

Երբ դերասանական կազմը, չնայած Սպիգելի բոլոր կասկածներին եւ առարկություններին, վերջապես հաստատվեց, նոր խնդիր առաջացավ. ֆիլմը գործնականում մնաց առանց սցենարիստի: Լոուրենսի հարազատներից գիրքն էկրանավորելու թույլտվությունը հերոսաբար կորզած Ուիլսոնը` կոմունիստների հանդեպ ունեցած համակրանքի պատճառով հայտնվեց «սցենարիստների սեւ ցուցակում»:

\"\"

Գործն իր ձեռքը վերցրեց Բեվերլի Քրոսսը, բայց նրա կողմից գրված տեքստի ոչ մի բառ այդպես էլ չհայտնվեց ֆիլմում. նախագիծը փոխանցվեց Ռոբերտ Բոլտին, որը մինչեւ 1995 թվականը ֆիլմի տիտրերում նշվում էր որպես ֆիլմի միակ սցենարիստ: Չի կարելի ասել, որ դա ամբողջությամբ անհիմն էր. ուիլսոնյան նախնական տեքստից ֆիլմը ժառանգել էր պատմությունը, իսկ բոլոր երկխոսությունները եւ բնավորությունները ամբողջությամբ փոխադրվել են Բոլտի կողմից: Պետք է նաեւ նշել, որ նա ստիպված եղավ ավարտին հասցնել սցենարը էքստրեմալ պայմաններում` նկարահանումների ժամանակ:

\"\"

Դեվիդ Լինը այնքան ոգեւորված էր իր ուսերին բարդված պատասխանատվությամբ, որ որոշել էր գնդապետ Լոուրենսի արկածները նկարահանել իրականությանը հնարավորինս մոտ: Նրա նախնական գաղափարի համաձայն, ֆիլմը պետք է նկարահանվեր Հորդանանում` իրական անապատում: Գտնվել էր մի հրաշալի վայր` մոտակա օազիսից 240 կմ հեռավորության վրա: Այնտեղ էլ նկարահանվել է տեսարանների մի մասը, բայց մի պահի պրոդյուսերը ստիպված եղավ «սառեցնել» հեղինակի մտահղացումը, քանի որ մերձավորարեւելյան տապում հայտնված նկարահանող խմբին հիվանդություններ էին սպառնում: Արդյունքում, տեսարանների մյուս մասը նկարահանվեց Իսպանիայում եւ Մարոկկոյում: Մյուս կողմից, եթե չլիներ ռեժիսորի մանիակալ հետաքրքրվածությունը, ֆիլմը կարող էր եւ իրականություն չդառնար` նախատեսված մեկ-երկու ամիսների փոխարեն, կինեմատոգրաֆիստները ստիպված եղան ավազներում անցկացնել գրեթե մեկ տարի:

Իր ֆանատիզմում Լինը, սակայն, միայնակ չէր. պրոցեսի երկրորդ շարժիչը դարձավ գլխավոր դերակատարը: Օ’Թուլը, ականատեսների խոսքերով, երկար ամիսների ընթացքում փաստացի դարձել էր Լոուրենս: Նա ոչ միայն սովորել էր արաբերեն լեզուն եւ բեդվինների նման վեհությամբ հեծնել ուղտին, այլ նաեւ ռեժիսորի խնդրանքով պլաստիկ վիրահատություն արեց` իր «մաքուր» իռլանդական քիթը դարձնելով անգլիական: Բացի դա, դերասանը հաջողացրել էր նաեւ հարստացնել արաբական մշակույթը. թամբին երկար ժամանակով նստելու համար` նա մտահղացավ, որ կարելի է թամբի տակ տեղադրել սպունգե ռետինից գորգիկ: Օ’Թուլի այս նորարարությունն առայսօր օգտագործվում է բեդվինների կողմից, իսկ դերասանը շնորհակալ արաբների կողմից ստացավ մի անուն, որը մոտավորապես թարգմանվում է որպես «Սպունգի հայր»: Պետք է նշել, որ զգուշավորությունը ամեն դեպքում չօգնեց նրան խուսափել վնասվածքներից. տուն վերադառնալուն պես նա բազմաթիվ այրվածքներով, կոտրվածքներով, եւ ուղտից բազմակի անգամ ընկնելու հետեւանքով ստացած ուղեղի ցնցումով պառկեց հիվանդանոցում:

\"\"

Չնայած բոլոր զրկանքներին, որ տարել էր նկարահանող խումբը, առաջին թեսթային ցուցադրությունները ռեժիսորի մոտ այնքան էլ մեծ վստահություն չառաջացրեցին այն հարցում, որ ֆիլմը կարող է հաջողություն ունենալ: Քիչ էր, որ Լոուրենսի եղբայրը դահլիճից դուրս էր վազել դիտման առաջին կես ժամից հետո` կինեմատոգրաֆիստներին դավաճան անվանելով, դեռ մի բան էլ` Սպիգելն էլ հիասթափված էր ֆիլմի մեդիտատիվ ռիթմից: Որեւէ մեկը չէր էլ կարող ենթադրել, որ ֆիլմը «Օսկար» կստանա 7 նոմինացիաներում, (առաջին «Օսկարը» ստացավ Օ‘Թուլը), եւ կմտնի աշխարհում լավագույն ֆիլմերի տարատեսակ ցանկերի մեջ:  

Այդ ամենն առավել զարմանալի է` հաշվի առնելով ֆիլմի տեւողությունը, ինչի համար այն ոչ մեկ անգամ քննադատության էր ենթարկվել: Այսօր դժվար է պատկերացնել մի բլոկբաստեր 222 րոպե տեւողությամբ, բայց հենց այդքան էր տեւում ֆիլմի առաջին տարբերակը: Արդյունքում, ֆիլմը մի քանի անգամ վերափոխվեց եւ վերանվանվեց: Մասնավորապես, 2000 թվականի թողարկմանը մասնակցել են Մարտին Սկորսեզեն եւ Սթիվեն Սփիլբերգը, որը մեկ անգամ չէր հայտարարել, որ հենց այդ ֆիլմն էր իրեն ոգեշնչել սկսել ռեժիսորական կարիերա:

Այս տարի, ֆիլմի 50-ամյակը որոշել են նշել ամբողջական թվայնացմամբ եւ Blu-ray-ով թողարկմամբ: Առաջին անգամ «Լոուրենսի» նոր տարբերակը ցուցադրվել է Կաննում, իսկ հոկտեմբերի 4-ին ֆիլմը մեկ օրով վերադարձավ կինոթատրոններ, եւ հնարավոր չէ չխոստովանել, որ ռեստովրատորների շնորհիվ ֆիլմը նոր ծնունդ է ստացել, որը, լեզուդ չի էլ պտտվում կոչել «դասսական` հաշվի առնելով, թե որքան ակտուալ է այն դիտվում նաեւ այսօր:

Յարոսլավ Զաբուլաեւ

Թարգմանությունը` մասնակի կրճատումներով, iLur.am-ի

 

 

Նախորդ հոդվածը‘«Սեւ» օր «Շախտյորի» եւ մյուս առաջատարների համար’
Հաջորդ հոդվածը‘«Միսս Աշխարհի» ռուս մասնակից. Ռուսաստանը մի մեծ երակ է, որտեղից մի քանի «ընտրյալներ» տանում են նրա ողջ հարստությունը (Ֆոտոշարք) ‘