‘Փոխատեղումներ «Ժառանգությունում». Ո՞վ եւ ի՞նչ կմնա խմբակցությունից’

1560

«Ժառանգություն» կուսակցությունում եւ համանուն խորհրդարանական խմբակցությունում 2013-ի տարեվերջը նախորդ տարիների «լավագույն ավանդույթների մեջ» էր: Նախ` նոյեմբերին խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվեց կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը` այդպես էլ մամուլին չմեկնաբանելով քայլի դրդապատճառը: Նրան այդ պաշտոնում փոխարինեց Զարուհի Փոստանջյանը:

Այնուհետեւ, արդեն ամանորյա տոների նախաշեմին Facebook սոցիալական ցանցում մանդատից հրաժարվելու անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգության» համամասնական ցուցակով  ընտրված անկուսակցական Թեւան Պողոսյանը: Նա նույնպես չհրապարակայնացրեց մանդատից հրաժարվելու իրական պատճառները, ինչը տարատեսակ ենթադրությունների տեղիք տվեց: Մամուլում գրեցին, որ Պողոսյանը պատգամավորությունից հրաժարվել է իշխանությունների հրահանգով` ԱԺ էթիկայի հանձնաժողովում (որի անդամ է նաեւ Թեւանյանը) ընդդիմադիր խորհրդարանական ուժերի տարեվերջյան կոնսոլիդացիայի ֆոնին: Լուրեր շրջանառվեցին նաեւ, թե պատգամավորը մանդատից հրաժարվել է խմբակցության ներսում տիրող անհամաձայնության մթնոլորտի պատճառով:

Ինչեւէ, թեեւ Պողոսյանը մանդատից հրաժարվելու մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի արել (համաձայն օրենսդրության, այդ հայտարարությունը պետք է արվի ԱԺ լիագումար նիստի ժամանակ, իսկ առաջիկա նիստը փետրվարի սկզբին է-խմբ.) տոներից հետո անմիջապես սկսեց քննարկվել նրան փոխարինողի հարցը:

«Ժառանգության» ցուցակում Պողոսյանին հետեւող թեկնածուն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Մասիս Այվազյանն է, նրանից հետո` «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, նախորդ գումարման ԱԺ-ում խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:  Վերջինս Aravot.am-ի հետ զրույցում չթաքցրեց խորհրդարանական աշխատանքին վերադառնալու իր ցանկությունը: Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը եւ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն աջակցեցին իրենց կուսակցին` նշելով, որ, քանի որ նախընտրական դաշինքը անցողիկ ձայներ է հավաքել հենց «Ժառանգության» «բրենդի» շնորհիվ, իսկ այդ բրենդը ձեւավորվել է խմբակցության նախորդ գումարման կազմի աշխատանքի շնորհիվ, հետեւաբար` «բարոյական ու տրամաբանական» կլինի, որ հենց Սաֆարյանը հայտնվի խորհրդարանում:

Միեւնույն ժամանակ, ազատ դեմոկրատ Մասիս Այվազյանը ԳԱԼԱ-ին հայտարարեց, որ չի պատրաստվում իր տեղը որեւէ մեկին զիջել: «Չկա այդպիսի տրամաբանություն եւ ցանկություն հրաժարվելու եւ տեղը զիջելու «Ժառանգությանը»», — ասել էր Այվազյանը:

Իր հերթին, Ազատ Դեմոկրատների ղեկավար Խ. Քոքոբելյանը աջակցություն հայտնեց իր կուսակցին` հայտարարելով, որ «Ազգային ժողովում այդ նույն («Ժառանգության») ցուցակի համար Մասիս Այվազյանը կազմակերպչական հարցերով մեծ աշխատանք է կատարել»: Ամեն դեպքում, եթե Այվազյանը ամեն գնով վերցնի մանդատը, ապա նա չի կարող գործել խմբակցությունից առանձին, քանի որ, համաձայն օրենսդրության, համամասնական ցուցակում ընդգրկված առաջին երեք թեկնածուներից բացի, ցուցակով անցած մյուս թեկնածուները չեն կարող պատգամավորական գործունեությունը շարունակել խմբակցության կազմից դուրս:

Հիշեցնենք, որ խմբակցության «առաջին» պառակտման ժամանակ` 2012-ի աշնանը, երբ փաստացի քայքայվեց «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» դաշինքը, ազատ դեմոկրատ Ալեքսանդր Արզումանյանը, ի տարբերություն ցուցակի երկրորդ համարը զբաղեցրած Խաչատուր Քոքոբելյանի, պատգամավորական մանդատը պահելու համար ստիպված էր մնալ խմբակցության կազմում:

Թեւան Պողոսյանի փոխարինողի հարցը դեռ չլուծված էլ, ի հայտ եկավ «Ժառանգություն» խմբակցության նոր, գոնե` ժամանակավոր ղեկավարի խնդիրը, քանի որ հայտնի դարձավ, որ հունվարի 9-ին Զարուհի Փոստանջյանը առնվազն հինգ ամսով մեկնում է ԱՄՆ` մասնակցելու  «Թավթս» համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի դասընթացներին:

Իրավիճակը կարծես թե ավելի խճճվեց, որովհետեւ պարզ դարձավ, որ «Ժառանգություն» անունը կրող խմբակցությունում դժվար է գտնել ղեկավարի թեկնածու, որը բուն «ժառանգական» կլինի. Փոստանջյանը մեկնում է, Ռուբիկ Հակոբյանը, ինչպես վերեւում նշվեց, վերջերս է հրաժարվել այդ պաշտոնից: Ամեն դեպքում, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Yerkir.am-ին հայտարարեց, որ  բանակցություններ են ընթանում Թեւան Պողոսյանի հետ` համոզելու համար նրան չհրաժարվել մանդատից եւ գլխավորել խմբակցությունը: 

«Հույս ունեմ, որ Թևան Պողոսյանն իր մտադրությունը կփոխի»,- ասել է Մարտիրոսյանը:

Այնուհանդերձ, նրա խոսքով, վերջին իրադարձությունները «Ժառանգությունում» խնդիրներ չեն առաջացնի, քանի որ որպես խմբակցության ղեկավարի թեկնածու ցանկացած պարագայում Ռուբիկ Հակոբյանը կա ու կա:

Արդյո՞ք Հակոբյանը կլինի խմբակցության ղեկավար, թե «Ժառանգություն» անունը կրող խմբակցությունը կղեակավարի դե յուրե այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ, մեզ պարզել չհաջողվեց, քանի որ պարոն Հակոբյանը ողջ օրվա ընթացքում չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:  

Նախորդ հոդվածը‘2013-ին Հայաստանում սպառողական շուկայում գնաճը կազմել է 5,6 տոկոս’
Հաջորդ հոդվածը‘Օրը պատմության մեջ’