‘Փոխքաղաքապետ. «Պարկինգ-բիզնեսը» կարող է քաղաքապետարանը կազմակերպել’

1139

Երեւանի քաղաքապետարանը կարող է ցանկացած պահի վերանայել վճարովի ավտոկայանատեղերի սպասարկման պայմանագիրը եւ «Parking City Service»-ից վերցնելով այդ բիզնեսը` ինքնուրույն ուժերով կառավարել ոլորտը: Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը` պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի հարցին:

Պատգամավորին հետաքրքրում էր, արդյո՞ք ավելի նպատակահարմար չէր լինի, եթե այս եկամտաբեր գործը կազմակերպեր համայնքը` շահույթն ուղղելով քաղաքի խնդիրների լուծմանը:

Կամո Արեյանի խոսքով, քաղաքապետարանն ինքնուրույն ի վիճակի չի եղել կատարել վճարովի ավտոկայանատեղերի «կահավորման» համար անհրաժեշտ ներդրորւմները, որոնք արել է մասնավոր ընկերությունը` փոխարենը իրեն պահելով շահույթի 70 տոկոսը: «Կատարվել է շուրջ 10 միլիոն դոլարի ներդրում», — նշեց քաղաքապետի տեղակալը:

«Այդ ներդրումներից առայժմ միայն կարմիր գծերն են երեւում», — արձագանքեց Ստեփան Դանիելյանը:

Պատասխանելով մեկ այլ պատգամավորի` Նիկոլ Փաշինյանի հարցին, Կամո Արեյանը նշեց նաեւ, որ տեղյակ չէ, թե որքան մարդ է «կայանատեղերի ռեֆորմների» արդյունքում գործազուրկ դարձել: Քանի որ, նրա խոսքով, նախկինում այդ բիզնեսը օրինական հիմքերի վրա չէ, եւ համապատասխան հաշվարկներ չեն արվել: 

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ-ն Ս.Սարգսյանից պահանջել է վերահսկողության տակ առնել Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման գործը. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինա-Ռուսաստան «գազային» սրացումներ ‘