‘Փող՝ Կոնգրեսին քննադատելու համար’

2913

Տեւական ժամանակ «քաղաքական» լռություն պահպանած, իսկ իրականում իշխանությունների հետ բիզնես համագործակցությամբ զբաղված Արարատ Զուրաբյանը «հանկարծակի», ամենեւին ոչ իշխանական քարոզչական հարձակման ծրագրի շրջանակներում հարցազրույց է տվել՝ թիրախ դարձնելով Հայ ազգային կոնգրեսին:  Այդ կապակցությամբ ավելորդ չենք համարում վերահրապարակել տարիներ առաջ արված լրագրողական հետաքննությունը՝ Արարատ Զուրաբյանի վերաբերյալ:

«Հայկական ժամանակ» 13.12.2011

«Գորշ միջակության» ինքնախոստովանությունը

Լրագրողական հետաքննություն

«Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերի տրամադրած որոշ տեղեկություններ հիմք էին ծառայել հետադարձ հայացքով կատարելու լրագրողական մի հետաքննություն (տե՛ս «Հայկական ժամանակ», 03.12.2011), ինչի շնորհիվ պարզաբանվել էին մինչ այժմ առեղծված մնացած մի շարք հարցեր։

Մասնավորաբար՝ պարզվել էր, որ՝ Ա) Առնվազն 2009թ. սկզբից ԱՄՆ դեսպանատունը Հայ ազգային կոնգրեսում ունեցել է գործակալներ, որոնք ոչ միայն տեղեկատվություն են փոխանցել, այլեւ ակտիվ քայքայիչ գործունեություն են ծավալել Կոնգրեսի ներսում։ Այդ գործակալներից փաստաթղթերում անվանապես հիշատակվում է միայն Խաչիկ Քոքոբելյանը (այն ժամանակ ՀՀՇ վարչության փոխնախագահ), մյուսների մասին խոսվում է անորոշ՝ «ՀԱԿի մեր կոնտակտները», «ՀԱԿի ներսում ծանրակշիռ դիրք ունեցողներից մեկը», «ՀԱԿի ղեկավարությունից եւս երկուսը» եւ այլն։

Բ) Սերժ Սարգսյանը, ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, 2010 թ. գարնանը փորձել է իրականացնել Կոնգրեսի կազմաքանդման մի ծրագիր՝ որպես հենման կետ ունենալով  ՀՀՇ վարչության անդամների մի փոքրիկ խումբ (6-7 հոգի)՝ նույն Խ. Քոքոբելյանի գլխավորությամբ։ Դավադրությունը, սակայն, ժամանակին բացահայտվել եւ չեզոքացվել է. վարչության անդամների կողմից անվստահության մեխանիզմով պաշտոնանկ արվելու սպառնալիքի տակ ստիպված է եղել հրաժարական տալ կուսակցության փոխնախագահ Խ. Քոքոբելյանը, մի քանի օր անց, նույն մեխանիզմը գործի դնելու սպառնալիքի տակ՝ նաեւ վարչության նախագահ Ա. Զուրաբյանը։ Վերջինիս, սակայն, ի տարբերություն Խ. Քոքոբելյանի, թույլ է տրվել մնալ որպես վարչության շարքային անդամ։

 Գ) Երբ մեկ տարի անց առաջին անգամ հայտարարվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծման մասին, պարզվեց` հիմնադիր անդամները հենց այդ նույն խումբն են ներկայացնում։ Փաստերի տրամաբանությունը հուշում է, որ այս կուսակցության ստեղծումն այլ բան չէ, քան «Կոնգրեսը ներսից պայթեցնելու» ձախողված ծրագրի փոխհատուցման՝ այս անգամ գեթ «դրսից» հնարավորինս վնասելու նպատակ հետապնդող տարբերակ։

Մենք խոստացել էինք արձագանքի դեպքում հրապարակել նաեւ այլ փաստեր։ Արձագանքը եղավ («Ժամանակ», 07.12.2011), սակայն անսպասելիորեն այնպիսին, որ ոչ թե փորձ արեց հերքել, այլ ինքնախոստովանությամբ ամենակարեւոր կետերում հաստատեց մեր եզրակացությունները՝ դրանց տալով ստույգ փաստերի արժեք։ Այնպես որ, նախ` կետ առ կետ արձանագրենք դա, ապա ավելացնենք «Վիկիլիքսի» մի փաստաթղթից երկու կարեւոր վկայություն։

Ինքնախոստովանություններ
1. Պատասխանը հնչեց ոչ թե «Վիկիլիքսի» փաստաթղթերում անվանապես հիշատակվող Խ. Քոքոբելյանի, այլ Արարատ Զուրաբյանի կողմից։ Վերջինս, պատասխանողի դերն ստանձնելու փաստով, ակամա խոստովանում է, որ ինքը եղել է դեսպանատան փաստաթղթերում մի քանի անգամ անորոշ հիշատակվող «կոնտակտներից» մեկը եւ, թերեւս, Քոքոբելյանից ոչ պակաս կարեւոր դերակատարություն է ունեցել Սերժ Սարգսյան-ԱՄՆ դեսպանատուն վերոհիշյալ ծրագրում։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ 2010-ի գարնանը (երբ «Վիկիլիքսի» այս փաստաթղթերը դեռ հրապարակված չէին), այդ մասին այլ աղբյուրներից ստույգ իմացել են ՀՀՇ վարչությունում ու դրա հիման վրա նրան եւս հրաժարական պարտադրել։

2. Ա. Զուրաբյանի ընդարձակ այդ հարցազրույցում ոչ մի անդրադարձ ու հերքում չկան մեր կողմից հավաքված փաստական նյութին՝ Ջերմուկում տեղի ունեցած սեմինարին, դրանում ՀՀՇ-ի՝ Կոնգրեսում մնալու նպատակահարմարության հարցի քննարկման ձախողված նախաձեռնությանը, Ա. Զուրաբյանի՝ վարչության եւ խորհրդի անդամների հետ «անհատական աշխատանքի» փորձերին, մերժվելուց հետո իր կուսակիցների գլխին տեղացած հրապարակային հայհոյանքներին, Խ. Քոքոբելյանին եւ իրեն անվստահություն հայտնելու օրակարգով վարչության նիստ հրավիրելու ստորագրահավաքին եւ այլն։ Սա էլ յուրատեսակ խոստովանություն է այն բանի, որ մեր հայթայթած հիշյալ եւ այլ տեղեկությունները անհերքելի փաստական իրողություններ են։

3. Ա. Զուրաբյանի ամենակարեւոր խոստովանությունն այն է, որ ինքը սկզբունքորեն դեմ է եղել Հայ ազգային կոնգրեսի ստեղծմանը. «Հենց ՀԱԿի ձեւավորումն  ու նրա լինելու փաստը ես համարել եմ քաղաքական սխալ եւ բազմիցս այդ մասին խոսել եմ բոլոր իմ ընկերների, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Նույնիսկ կատակով ասում էի, թե երբ ենք վերջապես փակելու Կոնգրեսը, որ քաղաքականությամբ զբաղվենք»։ Հայ ազգային կոնգրեսի մեջ մտնելը, բնականաբար, բոլոր քաղաքական ուժերի համար եղել է խիստ սկզբունքային հարց։ «Ժառանգությունն», օրինակ, դեմ էր եւ չմտավ։ Եթե դեմ լինելով մտնում ես, ուրեմն մտնում ես այլ նպատակով` հանձնարարություն կատարելու համար (ինչպես կտեսնենք ստորեւ)։ Եթե սկզբունքորեն դեմ էիր՝ պարտավոր էիր այդ մասին հայտարարել բարձրաձայն ու հրապարակավ (ոչ թե «կատակով» այդ մասին ամբողջ երկու տարի «զրուցել» ընկերներիդ հետ), նույն Կոնգրեսի մասին երկու տարի շարունակ հրապարակային ներբողական ճառեր չասեիր, չվարեիր նրա հանրահավաքները, Կոնգրեսի պաշտպանությամբ չմասնակցեիր Կենտրոնի թաղապետի ընտրություններին, հարցը գեթ մեկ անգամ պաշտոնապես դնեիր ու քննարկեիր կուսակցությունում։ Ուրիշներին անսկզբունքայնության մեջ մեղադրող ու իրեն սկզբունքային համարող Ա. Զուրաբյանը, ահա, ըստ էության, ասում է, որ ամբողջ երկու տարի, փաստորեն, գործել է կուսակցության ղեկավարին անհարիր՝ դավադիր մեթոդներով։ Նրա վերոբերյալ խոսքն այլ բան չէ, քան ինքնախոստովանություն, այն հիմնական մեղադրանքի ընդունում, թե ՀՀՇ վարչության ներսում իր ու Խ. Քոքոբելյանի ղեկավարությամբ, իրոք, դավադիր մի խումբ է գործել Կոնգրեսի դեմ։ Ինքնախոստովանական այս ցուցմունքը նաեւ ժամանակագրական մի տարեթիվ է ճշտում. պարզվում է, որ հակակոնգրեսական այդ գործունեությունը ծավալվել է ոչ թե 2009թ. սկզբից (ինչպես ենթադրելի էր «Վիկիլիքսի» տվյալներից), այլ շատ ավելի վաղ՝ 2008թ. օգոստոսից (Կոնգրեսի ստեղծումից) անմիջապես հետո։ Ա. Զուրաբյանի օգնությամբ կատարված ժամանակագրական այս ճշգրտումը խիստ կարեւոր է ԱՄՆ դեսպանատան գաղտնի զեկուցագրերից մեկի այն հաղորդումը «խոսեցնելու» համար, որ վերաբերում է նրա ազատ արձակման տարօրինակ հանգամանքներին, որը եւ խոստացել էինք հրապարակել։

4. Ա. Զուրաբյանը ընդունում է, որ ԱՄՆ դեսպանատան հետ «կապավորը» եղել է Խ. Քոքոբելյանը։ Բայց չի ասում, թե ինչ բնույթի ինֆորմացիա է փոխանցել։ «Վիկիլիքսի» տվյալներից ելնելով՝ եթե Կոնգրեսի մասին նրա փոխանցած ինֆորմացիան ճիշտ է, ուրեմն` լրտեսությամբ է զբաղվել, եթե ճիշտ չէ, ուրեմն` զբաղվել է զրպարտությամբ ու քայքայիչ գործունեությամբ։

5. Նույն հարցազրույցի մի փոքրիկ պարբերությունում միմյանց հակասող առնվազն երեք միտք կա շուրջօրյա հանրահավաքների օրերին սրճարանները եւ զուգարանները փակելու թեմայով։ Հակասական այդ մտքերից մի բան է ակնհայտ՝ նա եւս, ինչպես բոլոր սրճարանատերերը, ենթարկվել է «վերեւից» իջած հրահանգին։ Իսկ նրա խոսքը՝ «Տեր-Պետրոսյանը կարող էր ինձ դիմել պետքարանը բացելու համար, ոչ թե Սերժ Սարգսյանին», բարեկրթության առումով թող գնահատի ընթերցողը։

Գործարք ու դրա գինը
«Վիկիլիքսի» հրապարակումներից  մեկը ուղիղ վկայություն է այն բանի, որ Ա. Զուրաբյանը 2008թ. ամռանը բանտից ազատ է արձակվել ոչ այլ կերպ, քանՆիկոյանի հանձնաժողովի միջնորդությամբ։ Փաստաթղթի հեղինակը «Ազատ դեմոկրատների» նկատմամբ այդքան ուշադիր ու գորովալից ԱՄՆ դեսպան Յովանովիչն է.

08YEREVAN794/ 2008-10-02 (13) «Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի կազմակերպման հիմնական պատասխանատուներից մեկը լինելով՝ Արարատ Զուրաբյանը մարտի 10-ին ձերբակալվել է՝ «զանգվածային անկարգություններ հրահրելու» եւ «իշխանության բռնազավթման» մեղադրանքով։ Նա ազատվել է հունիսին՝ երկրից չբացակայելու մասին ստորագրություն տալուց եւ սրտի խնդիրների առնչությամբ հոսպիտալացվելուց հետո։ Նրա դեմ առաջադրված մեղադրանքները պահպանվել են։ Մարտի1-ի իրադարձությունների հետազոտմամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովը եւս դիմել էր իրավապահ մարմիններին՝ Զուրաբյանին նախնական կալանքից ազատ արձակելու համար»։ Տխրահռչակ այս հանձնաժողովն ամեն ինչ արեց Մարտի 1-ի իրադարձությունները պարտակելու, իշխանության գործողություններն արդարացնելու եւ ընդդիմության ձերբակալված ներկայացուցիչներին դատապարտելու համար դատարաններին քաղաքական հիմքեր ապահովելու համար։ Ահա այդ հանձնաժողովը, ո՜վ զարմանք, դիմել է 100-ից ավելի ձերբակալվածներից այս մեկին ազատ արձակելու միջնորդությամբ։ Անշուշտ, այդ դիմումը չի հրապարակվել։ Ահա քեզ եւ «նոնսենս»՝ բառ, որով մի քանի անգամ Ա. Զուրաբյանը բնորոշում է Կոնգրեսի ու նրա առաջնորդի գործունեությունը։ Բանտից ազատվելու (եւ բիզնեսը պահպանելու) դիմաց ի՞նչ գին պետք է վճարեր Ա. Զուրաբյանը։ Կատարվածի եւ առկա իրողությունների շրջանակներում մենք աշխատեցինք վերականգնել այդ գինը։ Ստացվում է, որ Կոնգրեսի «ձեւավորման» եւ «լինելու» փաստին դեմ լինելու՝ Ա. Զուրաբյանի սկզբունքը ի սկզբանե ոչ թե քաղաքական է, այլ` թելադրված գործարքով, ինչին նա շարունակում է հավատարիմ մնալ։

Որքան էլ հետազոտող լրագրողի մեր պարտքն է հետամուտ լինել միայն փաստերին, մի դեպքում չենք կարող չխոսել բարոյական խնդրից։ Ա. Զուրաբյանն ասում է. «Մարտի 1-ից հետո եղան հիասթափություններ, ինչ- որ փոքրիկ վերելքներ, նաեւ կորուստներ, եւ վերջում մենք արձանագրեցինք, որ հաջողության ենք հասել, որովհետեւ քաղբանտարկյալներն ազատ են արձակվել։ Ես չեմ կարծում, որ հաջողությունը դա էր։ Միգուցե շատ ավելի լավ կլիներ, որ Հայաստանում 500 քաղբանտարկյալ լիներ…»։ Եւ սա «հերոս» ձեւանալով ասում է մի մարդ, որը բանտից ազատվել է խայտառակ գործարքով՝ տխրահռչակ «Մարտի 1-ի հանձնաժողովի» նույնքան տխրահռչակ նախագահ Նիկոյանի միջնորդությամբ։

Ամբողջացնելու համար ավելացնենք եւս մի փաստ. մեզ հաջողվեց պարզել, որ հայտնի բոլոր քաղբանտարկյալներն իրենց դատական գործերը բողոքարկել են Եվրադատարան։ Ա. Զուրաբյանը հայտնի քաղբանտարկյալներից միակն է, որ չի դիմել Եվրադատարան, ինչը, բնականաբար, չէր կարող չլինել հիշյալ գործարքի պայմանավորվածությունների մեջ։

«Գորշ միջակության» արժեքը
Սակայն սրանով չեն ավարտվում ԱՄՆ դեսպան Յովանովիչի անակնկալները։ Հենց նույն փաստաթղթում նա ընդարձակ զեկուցում է նաեւ Կենտրոնի թաղապետի ընտրությունների հանգամանքների մասին։ Հիշեցնենք, որ այդ ընտրություններում որպես թաղապետի թեկնածու առաջադրված էր նույն Ա. Զուրաբյանը՝ ունենալով Կոնգրեսի պաշտպանությունը։ Դեսպան Յովանովիչն իր զեկույցն այս թեմայով ավարտում է հետեւյալ կերպ.

08YEREVAN794/ 2008-10-02 (15) «Եթե ընդդիմությունը, գորշ միջակություն (grey mediocrity) հանդիսացող Ա. Զուրաբյանի փոխարեն, ընտրած լիներ իսկապես ժողովրդականություն վայելող եւ խարիզմատիկ մի թեկնածու, դա կարող էր ընտրապայքարում առաջ բերել իսկապես ժողովրդական խանդավառություն եւ դժվարացներ իշխանությունների կողմից ընտրությունները կեղծելու ջանքերի անպատիժ մնալը»։

Շատերի համար կարող է անակնկալ լինել դեսպանի այս բնորոշումը, որ նրա պատկերավոր մտածողության լավ ապացույց է։ Բացատրությունը շատ պարզ է. լինի իշխանության մեջ թե ընդդիմության, եթե որեւէ քաղաքական գործիչ համաձայնում է, ի վնաս սեփական երկրի, մաս կազմել օտար պետության խաղերին, ավելին գնահատվել չի կարող։ Կամ, որ միեւնույնն է՝ օտար որեւէ ուժ իր շահերը տվյալ երկրում առաջ տանելու համար կարող է հենվել ոչ ավելի, քան հենց քաղաքական դաշտի գորշ միջակությունների վրա։ Քանզի ոչ միայն քաղաքական, այլեւ պարզ մարդկային եւ ազգային արժանապատվություն ունեցող որեւէ մեկը դրան չի գնա եւ ոչ մի գնով։ Ու սա էլ, թերեւս, կարելի է համարել քաղաքականության ոսկե կանոնը, ինչին, բնականաբար, քաջատեղյակ է դեսպան Յովանովիչը։

Սերգեյ Գալստյան

 

 

Նախորդ հոդվածը‘Սպանվել է «Երրորդմասցի Լյովիկը» — News.am’
Հաջորդ հոդվածը‘«Ազատություն» ռադիոկայանի զարմանալի վարքագիծը’