‘Փորձագետներ. Չնայած բողոքի ակցիաներին՝ ՌԴ-ի և Հայաստանի միջև պառակտում չի լինի’

1469

Քաղաքագետների կարծիքով՝ Հայաստանում բռնկված ժողովրդական հուզումները՝ կապված Գյումրիում սպանությունների հետ, չեն հանգեցնի ճգնաժամի Մոսկվայի և Երևանի միջև:

Քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Ֆյոդորովը «Коммерсант» թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել,  թե Գյումրիի ողբերգությունը պառակտում չի մտցնի Ռուսաստանի և Հայաստանի միջև: Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ին միանալը Հայաստանին հնարավորություն կտա լուծել շատ ներքին խնդիրներ, ուստի «եզակի ողբերգական միջադեպի ֆոնին» Մոսկվայի հետ լուրջ հակամարտությունը «Երևանի համար մեծ կորուստ կլինի»:

Հետազոտական կենտրոնի փորձագետ Վադիմ Կազյուլինը զգուշացնում է, որ քանի դեռ Մոսկվայի և Արևմուտքի միջև լարվածությունը պահպանվում է, Հայաստանում կարող են ի հայտ գալ ուժեր, որոնք կուզենան օգտվել իրավիճակից:

Մեկնաբանները նշում են, որ Գյումրիի ռազմակայանը նախկինում էլ է ողբերգական միջադեպերի մասնակից եղել. 1999 թ. ռուսաստանցի երկու զինծառայողներ կրակ են բացել քաղաքի շուկայում՝ սպանելով երկու և վիրավորելով, տարբեր տվյալներով՝ 9-ից 14 մարդու: Իսկ 2013 թ. Ռուսաստանի տանկային հրաձգարանում ականի վրա պայթեցին երկու երեխաներ: «Այն ժամանակ քննարկվեց այն հարցը, որ հրաձգարանն անհրաժեշտ կերպով չի պարսպապատված, և Ռուսաստանի հրամանատարությունը պետք է պատժի մեղավորներին: Արդյո՞ք դա արվել է՝ մինչև հիմա էլ պարզ չէ»,- Գյումրիի ողբերգությանը նվիրված հոդվածում (Aravot.am) գրել է ռուսաստանցի բանաստեղծ, ինտերնետ-նախագծերի ղեկավար Վիկտոր Կոնոպլևը:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ալիև. Մինսկի միջնորդների գործունեությունը կա, իսկ արդյունք չկա’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյան. Պերմյակովի հարցով Ռուսաստանին դիմելու որոշումը քաղաքական էր’