‘Փորձագետ. Անկարայի հայտարարությունները՝ ցեղասպանության 100-ամյակին լուրջ նախապատրաստության վկայություն են’

892

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե աշխարհը պետք է պատրաստ լինի իմանալու ճշմարտությունը 1915 թ. տեղի ունեցած իրադարձությունների մասին, 2001 թվականին Անկարայի ստեղծած` Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգման հանձնաժողովի աշխատանքի արդյունքն է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Հանձնաժողովը գլխավորում է Թուրքիայի փոխվարչապետը, և վերջինիս մեջ ընդգրկված են պետական հաստատությունների, նախարարությունների ներկայացուցիչներ, ոստիկանության աշխատակիցներ, գիտնականներ և այլոք: Այդ կառույցն արդեն ավելի քան 10 տարի աշխատում է խիստ գաղտնիության պայմաններում: Եվ Էրդողանի հայտարարությունը վերջիններիս աշխատանքի արդյունքն է»,- ընդգծել է փորձագետը: Նրա խոսքով, հանձնաժողովի անդամները Հայոց ցեղասպանության կազմակերպման հարցում Թուրքիայի հասցեին մեղադրանքներից խուսափելու հնարավորություններ են փնտրում:

Սաֆրաստյանը նաև նշել է, որ «1915 թ. իրադարձությունների մասին ճշմարտությունը» արտահայտությունն արդեն ճշմարտության աղավաղում է, քանի որ Ցեղասպանությունը հաստատումների կարիք չունեցող փաստ է, և Էրդողանի նման հայտարարությունները, փորձագետի խոսքով, ոչ այլ ինչ են, քան սրբապղծություն: «Այդ հայտարարությունն ինքնին վկայում է այն մասին, որ Թուրքիան լրջորեն պատրաստվում է Ցեղասպանության 100-ամյակին և անում հնարավոր ամեն բան`Ցեղասպանության հերքման առնչությամբ միջազգային կարծիքի բացասական ալիքը մեղմելու նպատակով»,- եզրափակել է Սաֆրաստյանը: 

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիվանագետների խորհրդաժողովի ժամանակ հայտարարել էր, որ աշխարհը պետք է պատրաստ լինի իմանալու ճշմարտությունը 1915 թ. տեղի ունեցած իրադարձությունների մասին:Նրա խոսքով, այսօր տեղի ունեցող իրադարձությունները հասկանալու համար անհրաժեշտ է ավելի հաճախ անդրադառնալ պատմությանը: «Պատմությունը մոռանալը հանցագործություն է»,- ընդգծել է վարչապետը:Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առնչությամբ Անկարայի նման բազմանշանակ հայտարարությունները հաճախակիանում են:

Հիշեցնենք, որ 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները նախատեսում էին «անկախ պատմաբաններից» համատեղ հանձնաժողովի ստեղծում:

Սակայն, Թուրքիայի և Հայաստանի խորհրդարանների կողմից արձանագրությունների վավերացման գործընթացն անորոշ ժամկետով սառեցվել է` Անկարայի առաջ քաշած նախապայմանների հետևանքով: Անկարայի պաշտոնական դիրքորոշումը հանգում է 1915 թ. իրադարձությունները` որպես Առաջին համաշխարհային պատերազմի հետևանք ներկայացնելուն: 

Նախորդ հոդվածը‘Թուրքմենբաշին ամենուր է. Տեղամասում, ԶԱԳՍ-ում, թանգարաններում, դրամի վրա եւ դասագրքերում (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ընթացիկ ձմեռը Հայաստանի համար բացառիկ էր’