‘Փորձագետ. Դիլիջանի միջազգային դպրոցը սողանքային գոտում է կառուցվում և ցանկացած պահի կարող է փլվել’

1234

Դիլիջանի միջազգային դպրոցը սողանքային գոտում է կառուցվում և ցանկացած պահի կարող է փլվել:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ինժեներ-երկրաբան» ընկերության նախագահ, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը: Հիշեցնենք, որ դպրոցն իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին, 90 աշակերտների համար: Նրա խոսքով, Հայաստանն ալպյան գոտում է գտնվում, որը երկրաբանական տեսակետից սողանքային է: Մեր երկրում փոքր ու մեծ սողանքներն ընդհանուր հաշվարկներով 3000-3500-ն են, իսկ ամենաակտիվները մոտ 200-ի են հասնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ինժեներ-երկրաբան» ընկերության նախագահ, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը:

Նա նշեց, որ բոլոր տեսակի շինարարական աշխատանքներին պետք է նախորդեն հետազոտական աշխատանքները, իսկ այն տարածքները, որտեղ առկա են սողանքների վտանգներ, պետք է կրկնակի ուսումնասիրվեն: «Վերջին քսան տարիներին մեր երկրում այս մասին առհասարակ մոռացել են: Այն շքեղ կառույցները, որոնց մեջ ահռելի գումարներ են դրվում, ապագայում քանդման վտանգի առաջ են»,- ասաց երկրաբանը:

Յադոյանը նշեց, որ երկրում սողանքային առումով ամենավտանգավոր հատվածը Կապանն է և հիշեցրեց, որ այնտեղ երկաթգծի սողանքի ժամանակ մարդկային զոհեր են եղել: «Այսօր էլ այդ վտանգներն արդիական են, իսկ իրավիճակն ավելի է բարդացել»,- ասաց նա:

Երկրաբանը հատուկ ընդգծեց կառուցվող ՀԷԿ-երի և երկաթգծերի հատվածում առկա սողանքների մասին: Նա նշեց, որ դեպի Դիլիջան ձգվող բարձունքի վրա առկա է մի այդպիսի մեծ սողանք, իսկ ամենամեծ քանակի սողանքները Աղստեւի հովիտներում են: «Ինչքան, որ գեղեցիկ է Դիլիջանը, այնքան էլ վտանգավոր է: Շինարարները մոռացել են սրա մասին»,- ասաց Յանդոյանը` անդրադառնալով Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցի տարածքին: Նա նշեց, որ Դիլիջանում մեծ միջոցառումներ պետք է իրականացվեն:

Պարզ լիճ տանող ճանապարհի վրա նախկինում կինեմատոգրաֆիայի շենքն էր, որի տարածքում այսօր միջազգային դպրոցն են կառուցում. «Դա սողանքի վրա է գտնվում, երկրաբանները այդ սողանքի մասին տվյալներ ժամանակին չեն տվել և կառուցվել էր կինեմատոգրաֆի շենքը, հինգ տարի չտևեց, սկսեց քանդվել: Մենք լրացուցիչ միջոցառումներ առաջարկեցինք այս նոր կառուցվող դպրոցի տարածքի համար, իսկ շինարարները չեն անում այն, ինչ նախատեսված է: Միջազգային դպրոց են կառուցում, միլիարդներ են ծախսում, բայց ի՞նչ է լինելու դրա հետ»:

Երկրաբանի պնդմամբ, իրենց դիմել են և խնդրել թույլ տալ հակասողանքային միջոցառումների գումարի հաշվին այլ բան կառուցել, բայց իրենք համաձայնություն չեն տվել:

 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիացի մարմնավաճառներ. Նոր օրենքը ձեռնտու է մաֆիային’
Հաջորդ հոդվածը‘Շղթայական ավտովթար Բաղրամյան փողոցում’