‘Փորձագետ. Եգիպտոսում քաղաքացիական պատերազմի հավանականությունը մեծ չէ’

761

Որքան էլ փորձենք նյուանսներ փնտրել նախօրեին Եգիպտոսում կատարված իրադարձությունների մեջ, այնուամենայնիվ՝ դա զինված հեղաշրջում էր, որի միջոցով տապալվեց Եգիպտոսի օրինական ընտրված իշխանությունը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արաբագետ Հայկ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Եգիպտոսի բանակի ղեկավար Աբդել Ֆաթահ Սիսին իր հեռուստաուղերձում հայտարարել է, որ նախագահ Մոհամեդ Մուրսին պաշտոնանկ է արվել: Գեներալը նշել է, որ Մուրսին չի արդարացրել եգիպտացի ժողովրդի ակնկալիքները, և այժմ երկրի սահմանադրության գործողությունը կասեցված է: Իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժումը, որի ներկայացուցիչն էր նախագահը, հայտարարել է, որ Մուրսին ռազմակայանում կալանքի տակ է:

Հայկ Քոչարյանի խոսքով՝ այժմ, փաստացի, Եգիպտոսը բաժանված է երկու մասի՝ մարդիկ, ովքեր ընդունում են հեղաշրջման արդյունքները, եւ մարդիկ, ովքեր շարունակում են հավատարիմ մնալ «Մուսուլման եղբայրների» իշխանությանը՝ նախագահ Մուրսիի գլխավորությամբ:

«Կա կարծիք, որ բանակը քաղաքացիական պաըտերազմ է հրահրում: Իրականում եգիպտական հասարակության մեջ մեծ հեղինակություն ունեցող բանակը հասարակական հուզումների շրջանում միշտ հավասարակշռող դեր է ունեցել», — նշեց Հայկ Քոչարյանը՝ հավելելով, որ իրադարձությունների հետագա ընթացքի համար կարեւոր կլինի, թե ապագա քաղաքական դաշտում ինչ դեր կվերապահվի «Մուսուլման եղբայրներին»:

«Եթե նրանց բացառեն քաղաքական դաշտից, իշխանության որոշակի լծակներ չտան կամ արգելեն նրանց գործունեությունը, ինչպես Մուբարաքի շրջանում էր, «Մուսուլման եղբայրների» աջակիցները կարող են դիմել պայքարի այլ մեթոդների», — նշեց Հայկ Քոչարյանը:

Ըստ արաբագետի՝ եգիպտական հասարակությունն այժմ ոգեւորված է, որ հերթական անգամ ժողովրդի ճնշման տակ նախագահը հրաժարական է տվել: Սակայն այն մեթոդը, որով տեղի է ունենում իշխանափոխությունը, վտանգավոր կարող է լինել: «Այժմ բանակը կարող է նախագահի պաշտոնում առաջ քաշել իր թեկնածուին՝  գերագույն հրամանատար Աբդուլ Ֆաթահ ալ-Սիսիին, սակայն կրկին պետք չէ մոռանալ, որ Մուսուլման եղբայրները չեն պատրաստվում ամբողջովին հանձնել իրենց դիրքերը», — նշեց նա:

Եգիպտական իրադարձությունները, ըստ արաբագետի, կարող են որոշակի արձագանք գտնել տարածաշրջանի երկրներում: Մասնավորապես, Հայկ Քոչարյանի խոսքով՝ վերջին շրջանում դժվարին կացության մեջ հայտնված սիրիական ընդդիմությունը կարող է ոգեշնչվել Եգիպտոսի ընդդիմության հաջողությունից: 

Նախորդ հոդվածը‘«Շախտյորի» գլխավոր տնօրեն. միակ ստացված առաջարկը՝ «Բորուսիայի» 30 միլիոն դոլարի առաջարկն է’
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմեն. Ազատազրկման վայրերում ամենամեծ պրոբլեմը գերբնակեցումն է’