‘Փորձագետ. Ընտանեկան բռնությունը ոչ թե կանանց, այլ հասարակության խնդիրն է’

1055

Հայաստանում ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարին խոչընդոտում է համապատասխան օրենքի բացակայությունը: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել «Կանանց ռեսուրսային կենտրոնի» համանախագահ Լարա Ահարոնյանը:

Նա տեղեկացրել է, որ միջազգային փորձագետների տվյալների համաձայն, Հայաստանում յուրաքանչյուր հինգերորդ կին ենթարկվում է բռնության (ֆիզիկական, հոգեբանական և այլն): Ինչ վերաբերում է պաշտոնական վիճակագրությանը, ապա, ՀՀ ոստիկանության տվյալներով, 2013 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության 700 դեպք, ինչպես նաև 7 սպանություն, որոնց արդյունքում 12 երեխա որբ է մնացել:

Ահարոնյանը տեղեկակցրել է, որ ընտանեկան բռնության զոհերին աջակցություն տրամադրող հասարակական կազմակերպությունները մեկ շաբաթում 5-7 ահազանգ  են ստանում թեժ հեռախոսագծով: Նրա ասելով, վերջին 10 տարիներին կանանցից ստացվող ահազանգերի թվի աճը պայմանավորված չէ բռնության դեպքերի աճով: «Դա խոսում է այն մասին, որ կանայք մեզ վստահում են և ակնկալում են աջակցություն», — ասել է Ահարոնյանը:

Նրա կարծիքով, դրական տեղաշարժ կարելի է համարել այն, որ ընտանեկան բռնության թեման սկսել է բացայատ քննարկվել հայ հասարակությունում: Դրա շնորհիվ, ինչպես նշվել է, հասարակությունում սկսել է ձևավորվել կարծիք, որ ընտանեկան բռնությունն անընդունելի է և` հանցագործություն:

Փորձագետը բացասական գնահատական է տվել այն բանին, որ 2013 թվականին կառավարությունը մերժել է «Ընտանեկան բռնության մասին» օրինագիծը: Այն ներառում էր ոստիկանների, դատավորների և դատախազների վերապատրաստման վերաբերյալ դրույթ` բռնության զոհերի հետ նրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Մինչդեռ այդ հարցում կա էական բացթողում, և բազմաթիվ կանանց համար իրենց խնդրի առնչությամբ իրավապահ մարմիններին դիմելը դառնում է իսկական փորձություն: «Ընտանեկան բռնությունը ոչ թե կանանց, այլ հասարակության խնդիրն է», — ընդգծել է Ահարոնյանը:

Ինչպես բազմիցս նշել են փորձագետները, Հայաստանի մարզերում բռնության դեպքերի հայտնաբերումն անհամեմատ ավելի բարդ է, քանի որ շատ կանայք նախընտրում են լռել ընտանիքում ծեծի մասին:

Առավել հասարակական արձագանք է հարուցել  20-ամյա Զարուհի Պետրոսյանի գործը, ով մահացել է 2010 թվականի աշնանը ամուսնու` Յանիս Սարկիսովի դաժան ծեծի հետևանքով: Կնոջ ինքնասպանություն ներկայացնելու անհաջող փորձից հետո Սարկիսովը դատապարտվել է 10 տարի ազատազրկման:

2012 թվականին 1 տարվա բանտարկության է դատապարտվել սադիստ-սկեսուր Հայկանուշ Միքայելյանը իր հարսին` Մարիամ Գևորգյանին դաժան ծեծի և կտտանքների ենթարկելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաև Մարիամի ամուսինը` Դավիթ Զիրոյանը, որը, սակայն, համաներման է ենթարկվել:

Նախորդ հոդվածը‘Հերթական ստուգայցի արդյունքները. 22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 70-ը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի’
Հաջորդ հոդվածը‘Նրանք դեմ են Մարտի 1-ի բացահայտմանը. Ամբողջական ցանկ’