‘Փորձագետ. Թուրքիան կօգտվի Իրաքի Մոսուլ քաղաքի վրա իսլամականների հարձակումից և այնտեղ ստեղծված քաոսից ‘

920

Իրաքի Մոսուլ քաղաքի վրա հարձակված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամական խմբավորման զինյալների գործողությունների հետևում, հնարավոր է, Թուրքիան է կանգնած: ԱրմԻնֆո գործակալությանն  այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ինչպես հայտնի է, Անկարան ակտիվորեն հովանավորում էր Սիրիայի նախագահ Ասադի դեմ մարտնչող զինյալներին: Եվ քանի որ այդ խմբավորումն Իրաք է ներթափանցել Սիրիայի տարածքից, ապա չի կարելի բացառել այդ հարձակման թուրքական հետքը: Մոսուլի խնդիրը նախորդ տարի 20-ական թվականների առաջին կեսին առավել բարդ դիվանագիտական խնդիրներից մեկն էր Թուրքիայի և Մեծ Բրիտանիամի միջև: Վերջինն, ինչպես հայտնի է, Իրաքի հավատարմատարն էր, և Քեմալ Աթաթուրքի Թուրքիան Մոսուլն ընկալում էր որպես իր տարածքի մի մասը: Այդ ընկալումն առ այսօր պահպանվում է», — ասել է Սաֆրաստյանը:

Նրա ասելով, այդ շրջաններում ապրում են կիսաքոչվոր թյուրքական ցեղեր, որոնք միշտ վայելել են Անկարայի աջակցությունը: Ավելին, դեռ Սադամ Հուսեյնի վարչակազմի տապալմանը հաջորդած առաջին տարիներին Թուրքիան փորձում էր այդ ցեղերին օգտագործել Իրաքի հյուսիս-արևմտյան տարածքների նկատմամբ իր վերահսկողությունը հաստատելու համար, որոնք, ինչպես հայտնի է, հարուստ են նավթահանքերով: «Հետո այդ նկրտումները հետին պլան մղվեցին, սակայն այսօր ստեղծված իրավիճակը վերստին թուրքական բազեներին Մոսուլի և մերձակա տարածքների արագ զավթման հույսեր է ներշնչել: Այստեղ ստեղծված քաոսը Թուրքիային հնարավորություն է տալիս ուղղակիորեն ներքաշվել իրավիճակի մեջ` իր զինված ուժերի կիրառմամբ», — ասել է արևելագետը, ընդ որում հավելելով, որ բանակը կիարառելու պաշտոնական առիթ արդեն կա, խոսքը վերաբերում է իսլամական զինյալների կողմից թուրք դիվանագետների գերեվարմանը:

Սաֆրաստյանը նշել է, որ արդեն խորհրդատվություններ են կայացել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի միջև, տեղեկություններ կան, որ Անկարան դիմել է ՆԱՏՕ-ի օգնությանը, և ԱՄՆ բարձրագույն շրջանակներում քննարկվում է այդ տարածքին հարված հասցնելու հնարավորությունը: «Չի բացառվում, որ այդ խնդիրը` հարվածներ հասցնելը, դրվի հենց Թուրքիայի ԶՈՒ վրա», — ամփոփել է Սաֆրաստյանը: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Դամոկլյան սրեր՝ իշխանության գլխին»’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես են բերման ենթարկում դատարանի բակում կրակած երիտասարդին (տեսանյութ)’