‘Փորձագետ. Մինչև ղարաբաղյան հաշտության պայմանագրի ստորագրումն անվտանգության ապահովումն առաջնահերթություն է մնում Հայաստանի համար ‘

842

Մինչև ղարաբաղյան հաշտության պայմանագրի ստորագրումն անվտանգության ապահովման հարցն առաջնահերթություն է մնում Հայաստանի համար, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Աժդար Կուրտովը` մեկնաբանելով ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոմչիխինի հայտարարությունը, թե Հայաստանին հարկավոր է Ադրբեջանին հակազդելու նպատակով սպառազինությունների համար շտապ գումարներ հայթայթել:

Նրա խոսքով, Ադրբեջանը երբեք չի թաքցրել սպառազինությունների մրցավազքին ուղղված իր քայլերը` դիվանագիտական բանակցությունների ձախողման դեպքում ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման նպատակով: Ըստ որում, նա ավելացրել է, որ դա չի կարող չմտահոգել Հայաստանին: Կանխատեսելով հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը` փորձագետը նշել է, որ դա կախված է ոչ միայն ադրբեջանական բանակի ռազմատեխնիկական ներուժից, այլ նաև վերջինիս մարտունակության մակարդակից: «Եթե Ադրբեջանի և հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի ռազմատեխնիկական բաղադրիչում անհավասարություն, իրոք, առկա է, ապա դա մտահոգության առիթ է ստեղծում հայկական կողմի համար և ռազմական գործողությունները վերսկսելու գայթակղություն` Ադրբեջանի համար»,- նշել է նա:

Նրա խոսքով, ռազմական և միջազգային փորձագետների մեծ մասի տեսակետից ԼՂՀ պաշտպանության բանակն ավելի մարտունակ է, ինչի ամենաակնհայտ վկայությունը 90-ական թթ. սկզբին հայկական կողմի հաղթանակն է: Ըստ որում, նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների սպառնալիք, այնուամենայնիվ, գոյություն ունի, քանի որ Ադրբեջանը կարող է սպառազինմանն ուղղել ավելի մեծ գումարներ` գերժամանակակից տեխնիկա ձեռք բերելու նպատակով: «Բայց պետք չէ մոռանալ, որ պատերազմը տարբեր պետությունների շահերի բախումն է»,- նշել է քաղաքագետը:

Փորձագետի կարծիքով, ամենևին պարտադիր չէ, որ Հայաստանը մեծ գումարներ ծախսի Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքի համար, առավել ևս, որ նման միջոցներ հայկական կողմն ակնհայտորեն չունի: «Հայկական կողմը կարող է գտնել և գտնում է այլընտրանքային ուղիներ` համագործակցելով Ռուսաստանի և ՀԱՊԿ հետ` որպես իր անվտանգության ապահովման հիմնական գործընկերներ»,- ամփոփել է փորձագետը:

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենի ներկայացուցիչը հանդիպել է Շանթ Հարությունյանին’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Իսկ մեր մեծերը փայլփլում են ու ճռճռում ‘