‘«Փուչիկների» գործով ամբաստանյալը պահանջեց արագացված դատաքննություն իրականացնել’

1325

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր` սեպտեմբերի 14-ին, նորից հետաձգեց  «Փուչիկների» գործով այսօրվա դատական նիստը:

Դատավոր Գագիկ Պողոսյանը ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի համար հանրային պաշտպան նշանակեց:  Սերոբ Բոզոյանը նշեց, որ  իր առողջական  վիճակը վատ է, ընդունեց մեղադրանքն ու արագացված դատաքննության միջնորդություն ներկայացրեց: Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 30-ին, և գործով տուժողներն այդ նիստում պետք է դիրքրոշում հայտնեն:

«Փուչիկների» գործով դատավարության` օգոստոսի 30-ին կայացած առաջին նիստը հետաձգվել էր, քանի որ Սերոբ Բոզոյանը չէր ներկայացել դատարան։ Նիստին ներկայացել էր 3 վկա, ինչպես նաև 228 տուժողներից 79-ը: Վերջիններս շեշտելէին, որ մեղավորը չի կարող մեկ հոգի լինել։ Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով այրվածքներ էին ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:

Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի

Նախորդ հոդվածը‘Չի հաստատվում Հալեպում չորս հայերի մահվան մասին տեղեկությունը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը Հունգարիայի դիվանագիտության գերակայությունն է. Հունգարիայի ԱԳ նախարար’