Փսակին մեկնաբանել է Ռուսաստանից ստացված նոտան

402

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին մեկնաբանել է Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Ռուսաստանից ստացված նոտան։ Նրա խոսքը փոխանցել է РИА Новости-ն։

Ինչպես նշում է լրատվական գործակալությունը, ամերիկյան ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Մոսկվան նոտա է ներկայացրել Վաշինգտոնին, որում նախազգուշացրել է «անկանխատեսելի հետևանքների» մասին Կիևին պաշտպանական աջակցության մատակարարումների կապակցությամբ։ Փսակին ասել է, որ ԱՄՆ-ը «չի զբաղվի ռուսաստանյան իշխանությունների դատարկ սպառնալիքներով»։

Ռուսաստանյան կողմի նոտայի մասին դրանից մի քանի օր առաջ գրել է The Washington Post թերթը։ Ըստ պարբերականի՝ նոտան ուղարկվել է Վաշինգտոնի կողմից Կիևին 800 մլն դոլար նոր օգնություն հատկացնելուց հետո։ «Մենք ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին կոչ ենք անում դադարեցնել Ուկրաինայի անպատասխանատու ռազմականացումը, ինչն անկանխատեսելի հետևանքներ է ենթադրում  տարածաշրջանի և միջազգային անվտանգության համար»,- փաստաթղթից մեջբերում է արել թերթը։

Քիչ ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ Ռուսաստանը Ուկրաինային զենք մատակարարելու առիթով նոտա է հղել բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըՄարիուպոլի քաղաքապետ․ 40 հազար մարդ բռնի տողափոխվել է ՌԴ տարածք
Հաջորդ հոդվածըՌԴ ՊՆ․ ՈՒԱԾ-ը սադրանք է կազմակերպում Օդեսայի մարզում