‘Փսակի. Ռուսաստանի ֆինանսական օգնության ծրագիր այլևս չկա’

1036

Ամերիկայի Միացյալ Նահանգներն այլևս ֆինասական օգնություն չի տամադրում Ռուսաստանի կառավարությանը,  ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին:

«Մենք շարունակում ենք համագործակցել ռուսաստանցի գործընկերների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,- ասել է նա՝ պատասխանելով Մոսկվային օգնություն տրամադրելու ծրագրերի մասին հարցին, բայց նաև ընդգծելով, որ «2015 թ. արտասահմանյան օգնության մեր բյուջեում Ռուսաստանի վերաբերյալ տող այլևս չկա»:

Փսակին ընդգծել է, որ մի շարք համատեղ ծրագրեր (մասնավորապես՝ միջուկային զենքի չտարածմանն ուղղված) դեռևս ֆինանսավորվում են, սակայն դրանք չեն մտնում ուղղակիորեն Վաշինգտոնի կողմից հատկացվող պետական աջակցության ծրագրերի մեջ: Բացի այդ, պետքարտուղարությունը, նախկինի պես, փող է հատկացնում մասնագիտական փոխանակման ծրագրերի ֆինանսավորման համար, քանի որ այդ միջոցներն ուղղված են կոնկրետ թեկնածուների, այլ ոչ թե ռուսաստանյան կառավարությանը:

ԱՄՆ-ն ամեն տարի օգնություն է հատկացնում տասնյակ երկրների ամբողջ աշխարհում ՝ ֆինանսավորելով կրթության, առողջապահության, բնապահպանության, տնտեսական զարգացման, ազգային անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների ծրագրերը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը դուրս է գալիս Սովորական սպառազինությունների մասին պայմանագրից’
Հաջորդ հոդվածը‘Դադաևն իրեն մեղավոր չի ճանաչում Նեմցովի սպանության մեջ’