‘Փրկել շարքային Ղազարյանին’

10602

Արդբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի ճակատագիրը բոլորիս խնդիրն է:

Մենք արդեն կարծես կնիք ենք դրել կատարվածի վրա՝ Ղազարյանը «լքել» է դիրքը, եւ շարունակությունն արդեն՝ հայտնվել է Ադրբեջանում, կարծես անտեսանելի մեսիջներով հուշում է, թե ինչ է եղել, ինչպես եւ ինչու:

«Լքել է»՝ պաշտոնական հաղորդագրության մեջ առաջին իսկ պահին հայտնված այս վտանգավոր ձեւակերպումն արդեն այլ ասոցիացիաներ էր առաջանում, այն դեպքում, երբ հետագա հաղորդագրություններից պարզ էր դառնում, որ ընդհանրապես դեռ պարզված չէ, թե դեպքն իրականում ինչպես է եղել:

Պաշտպանության նախարար Տոնոյանն էլ այսօր հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ՝ զինծառայողը մոլորվել է մառախուղի պատճառով:

Շրջանառվող վարկածներն ամենատարբեր են, եւ այդ հարցում իր դերն ունեն ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե զինծառայողը միտումնավոր է հատել սահմանը, քանի որ սահմանից այս կողմ նա կտտանքների է ենթարկվել:

Բայց սրանք բոլորը նախադասություններ են՝ բառեր:

Սրանք միայն բառեր են: Իսկ զինծառայողն իրական մարդ է: Նայեք նրա լուսանկարները: Նայեք ադրբեջանական կայքերում հրապարակված լուսանկարներում նրա աչքերին:

Նա մարդ է, կենդանի մարդ, միս ու արյունից: Սա մի ամբողջ ճակատագիր է:  Եւ մենք այս պարագայում ուղղակի իրավունք չունենք հապշտապ ենթադրություններ անելու եւ տղային դիրքը լքող հռչակելու:

Նայեք այդ լուսանկարներին, տեսեք այդ լուսանկարներում ձեր եղբորը եւ ապա միայն գրեք լուրը, որ պիտի գրեիք, որովհետեւ մենք չգիտենք, թե ինչ է եղել:

Դեպքը պետք է պարզվի, ամենայն մանրամասնություններով, եւ ամենակարեւորը՝ առանց նախատրամադրվածության, օբյեկտիվորեն:

Ամենակարեւոր ու հրատապ հարցն այս պահին մեկն է՝ փրկել/վերադարձնել շարքային Ղազարյանին: Անկախ այն հանգամանքից, թե ինչ է տեղի ունեցել, ինչպես է նա հայտնվել սահմանից այն կողմ:

Զինվորը պետք է վերադարձվի, եւ սա պետք է լինի մեր երկրի առաջնային նպատակը՝ անգամ եթե պարզվի, որ նա իրոք միտումնավոր է լքել դիրքը (բայց նույնիսկ այդ պարագայում պիտի պարզեն, թե ինչն է նրան մղել այդ քայլին), անգամ եթե պարզվի, որ նա մեղավոր է (ինչը, կրկնեմ, դեռ պարզ չէ), նույնիսկ այդ դեպքում նա պետք է վերադարձվի՝ անվտանգության հստակ երաշխիքներով, որ նրա ու իր հարազատների հանդեպ ոչ թե վհուկների որս կսկսվի, այլ արդար քննություն՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Մենք հակառակորդի մոտ թողնելու զինվոր չունենք՝ մեր զինվորը պետք է վերադառնա իր հայրենիք:

Մեր երկիրը եւ հանրությունը պետք է ցույց տան՝ մենք մեր զինվորներին չենք «հանձնում»,  կանխավարկածներով շարժվելով եւ առանց ճշմարտությունն իմանալու՝ նրան «դիրքը լքող» չենք հռչակում ու պարսավում: Մենք մեր զինվորներին չենք լքում, հատկապես՝ հակառակորդների մոտ:

Քրիստինե Խանումյան

 

Նախորդ հոդվածը‘Բրիտանիան Brexit-ից հետո կօգտվի «Մագնիտսկու լրացումից»’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետը ՀԱՊԿ երկրներին կոչ է անում կարգավորել իրավիճակը Ղրղզստանում’