‘ «Քահ-քահ ծիծաղող Քլինթոնը»՝ ի պատասխան «հաչացող Քլինթոնի» տեսահոլովակի’

1620

Դեմոկրատների կողմից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի աջակցությամբ զբաղվող Priorities USA հասարակական կազմակերպությունը YouTube-ում հրապարակել է հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի քարոզչական տեսանյութի պատասխան տեսահոլովակը:

26 վայրկյան տևողությամբ տեսահոլովակում հեռուստահաղորդավարուհին Թրամփին հարցնում է՝ ո՞ւմ հետ է նա խորհրդակցում, որպեսզի առաջին օրվանից պատրաստ լինի ստանձնել ԱՄՆ նախագահի պարտականությունները: «Ես ինքս ինձ հետ եմ խորհրդակցում: Որովհետև ես շատ լավ ուղեղ ունեմ և շատ բան եմ ասել»,- պատասխանում է միլիարդատերը: Այդ պատասխանին հաջորդում է քահ-քահ ծիծաղող Քլինթոնի կադրը:

Մարտի 17-ին Թրամփն իր Instagram-ում տեսահոլովակ է հրապարակել, որում ծաղրել է Քլինթոնին՝ օգտագործելով կադրեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: «Երբ գալիս է մեր ամենաուժեղ ընդդիմախոսների հետ հանդիպելու ժամանակը… դեմոկրատները հրաշալի պատասխան ունեն»,- ասվում է տեսաերիզում, ինչին հաջորդում է Քլինթոնի «հաչոցը», որին, իբր, ծաղրում է Պուտինը:

Կրեմլում, մեկնաբանելով Թրամփի քարոզչական տեսաերիզը, ափսոսանք են հայտնել, որ «Ռուսաստանի դեմոնիզացիան» ամերիկյան քարոզարշավի պարտադիր բաղադրիչն է դարձել: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Տասը միլիոնանոց դոլար տեսե՞լ եք’
Հաջորդ հոդվածը‘«Սպիտակ փոշի»՝ Թրամփի որդուն’