‘Քաղավիացիայի գլխավոր վարչությունը չի վերահսկում իրավիճակը «Զվարթնոցում» ‘

1009

iLur.am-ի տեղեկությամբ՝ երեկ «Զվարթնոց» օդանավակայանում «Արմավիա» ավիաընկերության կողմից չվերթների հետաձգման պատճառով ուղևորներին սնունդ և կացարան չի տրամադրվել: Բազմաթիվ ուղևորներ, ովքեր ժամանել էին հեռավոր մարզերից, չեն լքել «Զվարթնոցը», իսկ օդանավակայանում սարսափելի թանկ գների պատճառով մնացել են սոված:

Այնինչ, ըստ քաղավիացիայի մասին օրենքի, չվերթն իրականացնող ավիաընկերությունը պարտավոր է չվերթների հետաձգման պատճառով օդանավակայանում գտնվող ուղևորներին տրամադրել անվճար սնունդ և կացարան, որոշ դեպքում նաև տալ դրամական փոխհատուցում:

Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո խոսնակ Նելլի Չերչինյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ կացարան տրամադրվում է ուղևորին 8 ժամ պահելուց հետո: Վերջինս, սակայն, հրաժարվեց մեկնաբանել, թե արդյոք  Քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերահսկում է, որպեսզի «Արմավիայի» ուղևորներին անվճար սնունդ և կացարան տրամադրվի: 

Քաղավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանն էլ iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե արդյոք «Արմավիան » տրամադրել է ուղևորներին սնունդ կամ կացարան: Նրա խոսքով՝ ուղևորների կողմից ոչ մի ահազանգ չի եղել: 

Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանը երեկ դադարեցրել էր «Արմիավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը խոշոր պարտքերի պատճառով, երեկ երեկոյան սպասարկումը վերսկսվել էր, իսկ այսօր առավոտյան 11:15-ից նորից դադարեցվել է:

Նախորդ հոդվածը‘Սոնա Տռուզյան. Դատախազությունը քաղաքական հայտարարություն-ներին չի արձագանքում ‘
Հաջորդ հոդվածը‘Երևանում մեկնարկել է ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների երկրորդ համագումարը ‘