‘Քաղաքագետ. ԱՄՆ-ն անակնկալ փոխել է դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում’

958

ԱՄՆ-ն անակնկալ և հիմնովին փոխել է դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ հօգուտ հայերի: Դրա հիմնական պատճառը Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցը Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական պայքարի գործոնի վերածելն է, այսօր ասուլիսում հայտարարել է  Ադրբեջանի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն՝ նշելով այդ փոփոխությունների մի շարք դրսևորումներ: «ԱՄՆ պետքարտուղար Քերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքին հանձնարարում է «թարմացնել բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով»: Այս տեղեկատվությունը հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Հեֆերնը:

Քերիի այս հանձնարարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն պաշտպանում է Հայաստանի նախագահի (նկատի ունի Սերժ Սարգսյանին)՝ վերջերս արված հայտարարությունը՝ բանակցությունները դադարեցնելու և նորն սկսելու վերաբերյալ: Համանախագահ Ուորլիքը ԱՄՆ-ում հանդիպում է «Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ» Գուլյանի հետ: Նույն Ուորլիքն իր Twitter-ում հայտարարում է «Լեռնային Ղարաբաղում խաղաղության ամրապնդման» անհրաժեշտության մասին: «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատում» տերմինը ծայրաստիճան հակադիր է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում» տերմինին: Ուորլիքն սկսել է Լեռնային Ղարաբաղի մասին կարծիք ձևավորել՝ որպես կարգավորման անկախ կողմի: ԵԱՀԿ նախարարների համաժողովում ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրասիական հարցերով օգնական Նուլանդը Լեռնային Ղարաբաղը ներկայացնում է նույն կարգավիճակով, ինչ Վրաստանն ու Մոլդովան: Դա կարելի է գնահատել որպես Լեռնային Ղարաբաղը անկախ կողմ ներկայացնելու փորձ: ԱՄՆ-ը մեծացնում է Հայաստանի ռազմական և քաղաքական աջակցությունը: Դեսպան Հեֆերնի ակտիվությունը դրա ցայտուն ապացույցն է,- ասել է Ահմեդօղլուն և հավելել:- Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության հիմնական գործիքներից մեկը Հայաստանում նրանց դեսպանատունն է: Մեծությամբ դա աշխարհում երկրորդ դեսպանատունն է: Ռուսաստանը, հայերի օգնությամբ, կարող է փակել այդ դեսպանատան դռները՝ այնտեղ գտնվող 300-400 ծովային հետևակայիններով հանդերձ, և դրանով իսկ վերջ դնել Հարավային Կովկասում ԱՄՆ շահերին: Մենք կանխատեսում ենք պաշտոնական Վաշինգտոնի հայամետ քաղաքականության շարունակություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում և նույնիսկ դրանց տարածում՝ հարևան պետությունների նկատմամբ: Ադրբեջանը կարող է լուրջ հետևություններ անել դրանից», փոխանցում է trend.az-ը:

Նախորդ հոդվածը‘Երթ Ազատության հրապարակից. «Դ!եմ եմ» ‘
Հաջորդ հոդվածը‘Դանակահարություն` վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ’