‘Քաղաքագետ. Փուլային կամ փաթեթային ամբողջական իշխանափոխության նախադրյալներն առկա են’

1180

Հայաստանում հասունացած են բոլոր նախադրյալները` «փաթեթային» կամ «փուլային» տարբերակով ամբողջական արտահերթ իշխանափոխություն իրականացնելու համար: iLur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Խորհրդարանական ուժերի համագործակցությունն այս հարցով արդեն փաստ է,  քննարկումներն ընթացքի մեջ են: Եւ ես կարծում եմ, որ նաեւ հաշվի առնելով ստեղծված միջազգային իրավիճակը՝ կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանում հասունացած են բոլոր նախադրյալները` փուլային կամ փաթեթային արտահերթ իշխանափոխության համար», — նշեց քաղաքագետը:

Ընդ որում, Բոզոյանի խոսքով՝ իշխանափոխության «փուլային» տարբերակն ավելի խելամիտ է` հաշվի առնելով արտաքին քաղաքական մարտահրավերները:

«Մենք բոլորս կողմնակից ենք, որ այս գործընթացն ընթանա խաղաղ ճանապարհով: Բոլորս հասկանում ենք, որ ունենք չլուծված ԼՂ հիմնախնդիր, եւ հաշվի առնելով այն, ինչ կատարվում է Ղրիմի շուրջ, ըստ էության՝ պետք է հուշի, որ մենք պետք է գերադասենք փուլային` ավելի դժվար ճանապարհը՝ չվնասելով ազգային շահը», — նշեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետն ընդգծեց, որ Հայաստանում առկա խնդիրները ներքաղաքական բնույթ են կրում: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով՝ արտաքին քաղաքական կոնյուկտուրան չի խանգարի Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, որովհետեւ հասարակության եւ իշխանությունների միջեւ գոյություն ունեցող հակասությունը մեզ մոտ աշխարհաքաղաքական բնույթ չի կրում: Այսինքն, ըստ նրա՝ Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա չեն ազդի աշխարհաքաղաքական պրոցեսները, ինչպես Ուկրաինայում է:

«Ուկրաինայում իշխանություն-ընդդիմություն պայքարը գեոպոլիտիկ բնույթ ուներ, քանի որ իշխանություններին աջակցում էր Ռուսաստանը` ընդդիմությանը` Արեւմուտքը: Հայաստանում նման իրավիճակ, բարեբախտաբար, չկա: Ասում եմ՝ բարեբախտաբար, որովհետեւ դա անշուշտ կխանգարեր մեր երկրի զարգացմանը, եւ մենք լուրջ կորուստներ կունենայինք: Անգամ Ուկրաինայի պարագայում կորուստներն ակներեւ են. այդ երկիրը կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին եւ մեծ հարցականի տակ է Ղրիմի ճակատագիրը: Հաշվի առնելով այդ փաստերը՝ մենք պետք է բացառենք աշխարհաքաղաքական գործոնը Հայաստանի ներքաղաքական գործընթացներում, ինչի մասին ակնարկեց իր ելույթում առաջին նախագահը` բացառելու համար տարատեսակ շահարկումներն այս հարցի շուրջ», — ամփոփեց Երվանդ Բոզոյանը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Հայաստանում ոչ իշխանական քաղաքական ուժերի արդեն կայացած համագործակցության խորացման, ինչպես նաեւ` քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի ընդգրկման շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանում իրականացնել իշխանափոխություն:   

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ընդունել է Արմեն Աշոտյանին’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ Կառավարությունը սահմանել է մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները’